Թուրք-ամերիկյան խորհուրդը դիմել է պաշտոնական Վաշինգտոնին եւ ԱՄՆ-ում ապրող բոլոր թուրքերին, որպեսզի ճնշում գործադրվի ԱՄՆ Կոնգրեսի վրա, քանի որ վերջինս փորձում է քննարկել Հայոց ցեղասպանության հարցը:
Թուրքական համայնքը գտնում է, որ հայ համայնքի «ծայրահեղական տրամադրությունները» կխոչընդոտեն Հայաստան-Թուրքիա երկխոսությանը: Ամերիկյան թուրքերը եւս մեկ անգամ մատնանշել են, որ Թուրքիան հայերի կողմից սուտ է մեղադրվում Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մեջ. «Ամերիկայի թուրքական համայնքը խնդրում է իր անդամներին եւ բարեկամներինՙ պահանջել Կոնգրեսից, որ նա հանդես գա տարածաշրջանում խաղաղության պաշտպանության դիրքերից եւ մերժի սուտ մեղադրանքներն ու հակաթուրքական հայտարարությունները: Մեզ այս գործում սատարում են նաեւ մեր ադրբեջանցի եղբայրները. նրանցից շատերը միացել են մեզ եւ պահանջում ենՙ Կոնգրեսին ճնշելու ճանապարհով հասնել այս խնդրի լուծմանը: ԱՄՆ-ի թուրքական համայնքը պաշտոնապես հայտարարում է, որ հայկական համայնքը միշտ էլ դեմ է եղել Հայաստան-Թուքիա մերձեցմանը», նշված է թուրք-ամերիկյան խորհրդի դիմումի մեջ:
Ըստ Ամերիկայի թուրքերիՙ հայերը ոչ միայն շարունակում են տարածաշրջանում իրականացնել շրջափակման քաղաքականություն, այլեւ «մտնում են» տարածաշրջանային գործընթացների մեջ (իսկ ինչո՞ւ պետք է չմտնեինք-Հ.Ա.). «Մենք այս հարցերը անպայման կբարձրացնենք թուրք-ամերիկյան ամենաբարձր մակարդակի երկխոսության մեջ», ասված է թուրքական դիմումում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի յոթին նախատեսվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը ԱՄՆ, որտեղ նա ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, այլ հարցերի թվում, պետք է քննարկի ինչպես հայ-թուրքական մերձեցման գործընթացները, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ընթացքը: Թուրքական որոշ աղբյուրներ նշում են, որ Վաշինգտոնում Թուրքիան եւս մեկ անգամ «կտեղեկացնի» աշխարհին, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները կվավերացնի միայն Ղարաբաղի հարցում էական առաջընթացից հետո: Մնում է միայն սպասել Օբամայի պատասխանին, որը (եւ ոչ միայն նա) բազմիցս է հայտարարել, որ հայ-թուրքական մերձեցումը պետք է կայանա առանց նախապայմանների:
Հ. ԱՖՅԱՆ