Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելեց Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ մի կողմից շուրջ 40 հեկտար հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով, մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5 հեկտար տարածք:
«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը , վարչապետին ներկայացրեց հնավայրի խնդիրները եւ հիշեցրեց, որ պատմական այս վայրն այսօր խիստ հետաքրքրական է հատկապես գիտական ուսումնասիրությունների համար, քանի որ մ.թ.ա. 6-րդ դարում կառուցված Թեյշեբայնի ամրոցը անաղարտ պահպանված է: Ստեղծված իրավիճակի պատճառով Կարմիր բլրում պեղումներն այսօր դադարեցված են:
Ի՞նչ ապագա կարող է ունենալ պատմական այս հնավայրը, եւ որոնք պետք է լինեն այն, վերակենդանացնելու ու պահպանելու առաջին քայլերը. այս հարցերը պարզելու համար վարչապետն առաջին խորհրդակցությունն անցկացրեց հենց բլրի տարածքում` մշակույթի նախարարի, Երեւանի քաղաքապետի եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ գերեզմանի եւ բլուրի սահմանազատման խնդիրը կարգավորվել է:
Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին լրագրողներին տեղեկացրեց, որ այս փուլում կառավարության համար առաջնահերթ է հնավայրի պահպանության կազմակերպումը. «Մոտակա ամիսներին կմշակվի ռազմավարական ծրագիր, որով երեքհազարամյա պատմություն ունեցող մշակութային արժեքը նախ կպահպանենք, իսկ ավելի ուշ` կփորձենք գրավիչ դարձնել տուրիստների համար», նշում է վարչապետը` հավելելով նաեւ, որ Ասիական բանկի հետ պայմանավորվածության համաձայն, Կարմիր բլուրի սահմանով ճանապարհ է կառուցվելու, «ինչը նույնպես նպաստելու է, որ տարածքը գտնվի ուշադրության կենտրոնում»:
Ն. Մ.