Այսօր «Հատիսը» կհյուրընկալի «Աթինաիկոսին»
Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության «F» խմբի ընտրական մրցաշարի հերթական խաղում այսօր Երեւանի «Հատիսը» «Միկա» մարզադահլիճում կհյուրընկալի հունական «Աթինաիկոսին»: Խաղը կսկսվի ժամը 18-ին: Հաղթանակի դեպքում «Հատիսը» ժամկետից շուտ 1/16 եզրափակիչի ուղեգիր կնվաճի:
Խաղի նախօրեին ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում «Հատիս» թիմի անդամներն ու գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը, ինչպես նաեւ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը հանդիպեցին լրագրողներին: Մինչեւ ասուլիսի սկսվելը, տեղի ունեցավ հաճելի մի արարողություն: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը թիմի ունեցած հաջող մրցելույթների առթիվ շնորհավորեց եւ շնորհակալագրեր հանձնեց «Հատիսի» խաղացողներին, գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանին, նրա օգնականներ Նարեկ Ղուկասյանին եւ Արեգ Վաթյանին, թիմի բժշկուհի Տիգրանուհի Աղաջանյանին: Իսկ «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը հուշամեդալ հանձնեց ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին:
«Բասկետբոլը Հայաստանում իսկապես լավ ավանդույթներ է ունեցել, «Հատիս» թիմը ժամանակին հաջող մրցելույթներ է ունեցել ԽՍՀՄ առաջնություններում: Ուրախալի է, որ թիմը կրկին վերածնվել է ու լավ խաղ է ցուցադրում: «Բեշիքթաշի» նկատմամբ հաղթանակի մասին տեղեկացա Լիսաբոնում ընթացող համաժողովի ժամանակ եւ շատ ուրախացա: Հպարտ էի մեր թիմի համար, որ կրկին լավ խաղ են ցուցադրում եւ շարունակում են մարզաձեւի լավագույն ավանդույթները: Շնորհակալագրեր հանձնելով «Հատիսին», ցանկանում ենք ոգեւորել թիմին «Աթինաիկոսի» հետ հանդիպումից առաջ: Հաջող ելույթների առթիվ շնորհավորում եմ թիմի անդամներին ու մարզիչներին, ակումբի տնօրենությանն ու ֆեդերացիայի նախագահին», իր ելույթում նշեց Արմեն Գրիգորյանը:
Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նախ իր գոհունակությունը հայտնեց ասուլիսի մասնակիցների մեծ քանակությունից, ինչը պայմանավորված է առաջին հերթին «Հատիսի» հաջող ելույթներով: Նա նշեց, որ մրցաշարի մեկնարկից առաջ քչերն էին հավատում թիմի հաջողությանը: Ակումբի ղեկավարությունն էլ իր առջեւ խնդիր էր դրել պարզապես պատվով հանդես գալ, նվազագույնը մեկ հաղթանակ տոնել ու աշխատել խոշոր հաշվով չպարտվել: Սակայն «Հատիսի» բասկետբոլիստուհիները գերազանցեցին բոլորի սպասելիքները: Եվ այժմ թիմը շատ մոտ է 1/16 եզրափակիչի ուղեգրի նվաճմանը:
Ֆեդերացիայի նախագահն անդրադարձավ Թուրքիա կատարած ուղեւորությանը: Նա նշեց, որ քանի որ Երեւան-Ստամբուլ չվերթը միայն չորեքշաբթի եւ կիրակի օրերին էր, ուստի որոշեցին Թբիլիսիից մեկնել Թուրքիա: Սակայն այդ օրը Ստամբուլում մառախուղ էր եւ թիմը ստիպված էր գիշերել Թբիլիսիում եւ միայն խաղի օրը հասավ մրցավայր: Ստամբուլում «Հատիսին» լավ են ընդունել, ապահովել են անվտանգությամբ, «Բեշիքթաշի» ներկայացուցիչներն էլ մինչեւ խաղն սկսվելն ուղեկցել են մերոնց: Սակայն խաղից հետո պարտությունից դառնացած թուրքերն այլեւս չեն ուղեկցել մեր թիմին բացի անվտանգության աշխատակիցներից: Իսկ խաղից առաջ մեր թիմի ավագ Բոյանա Վուլիչին սեւ ժապավենով ծաղկեփունջ են նվիրել, որը վերջինս չի վերցրել:
Հատկանշական է, որ մինչեւ Թուրքիա մեկնելը «Հատիսի» բասկետբոլիստուհիներն այցելել են Ծիծեռնակաբերդ, իսկ խաղի ընթացքում ամեն հաջող նետումից հետո բացականչում էին. «Հանուն Հայաստանի»: Խաղին ներկա էին նաեւ հայ մարզասերներ, որոնք ծածանում էին եռագույնը: Մեր թիմին հաճելի անակնկալ էր սպասվում Վրաստան-Հայաստան սահմանագլխին: Սահմանապահները «Հատիսին» դիմավորել են շամպայնով ու երաժշտությամբ:
Թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը նշեց, որ թեեւ խաղում էին 6 հազարանոց մարզադահլիճում, սակայն երեւանյան խաղերում ավելի շատ երկրպագուներ կային, քան Ստամբուլում: Ուստի որեւէ հոգեբանական ճնշում չեն զգացել խաղի ընթացքում: Այլ բան է, որ մրցավարությունը շատ կողմնակալ էր, սակայն նույնիսկ դա դաշտի տերերին չփրկեց պարտությունից: Մարզիչը գոհ էր իր սանուհիներից: Թիմին շատ օգնեց նաեւ նորեկըՙ Միլիցա Դաբովիչը, որի շնորհիվ «Հատիսի» պաշտպանությունը հուսալի էր գործում: Ըստ մարզչի, եթե հաջողվի հաջորդ փուլ մտնել, ապա թիմի կազմը եւս մեկ մարզուհով պետք է համալրվի: Ճիշտ է, դեռ որոշված չէ, թե որ օղակն է ուժեղացման կարիք զգում: Նա նաեւ կարեւորեց խմբում բարձր տեղ զբաղեցնելը, որովհետեւ այդ դեպքում 1/16 եզրափակիչում ավելի թույլ մրցակցի հետ կհանդիպեն, բացի այդ էլ 2-րդ հանդիպումը կանցկացնեն սեփական հարկի տակ:
Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ «Հատիսի» հանդիպումների նկատմամբ հետաքրքրասիրությունը զգալիորեն աճել է: «Միկա» մարզադահլիճն ընդամենը 1500 հանդիսականի համար է նախատեսված: Վաճառքի հանված 2000 դրամ արժողությամբ 500 տոմս արդեն սպառվել է: 1100 տեղ հատկացվել է հրավիրատոմսերով: Ճիշտ է, կա տարբերակ վերջին հանդիպումն անցկացնելու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն բասկետբոլիստուհիներն արդեն սովորել են «Միկա» մարզադահլիճին, որտեղ օրական երկու պարապմունք են անցկացնում: Այնպես որ մարզադահլիճ փոխելը կարող է բացասաբար անդրադառնալ «Հատիսի» մրցելույթների վրա:
Ասուլիսի մասնակիցները հույս հայտնեցին, որ «Աթինաիկոսի» հետ խաղից հետո առիթ կլինի շնորհավորել «Հատիսին» հաջորդ փուլ դուրս գալու համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ