Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե Թուրքիան ձախողի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, ապա դա կուժեղացնի ցեղասպանության ճանաչման ջանքերը ԱՄՆ-ում: «Այդ դեպքում Հայաստանը պետք է վերանայի իր արտաքին քաղաքական դիրքորոշումը: Թուրքիան հարգում է միայն ուժը, իսկ այդ ժամանակ մենք բավական ուժեղ կլինենք, քանի որ Թուրքիայի կողմից արձանագրությունների ձախողումից հետո միջազգային հանրությունը դեմ է լինելու Թուրքիային»,- նշեց Կիրակոսյանըՙ ավելացնելով, որ եթե անգամ արձանագրությունները վավերացվեն եւ բացվի հայ-թուրքական սահմանը,- «դա չի նշանակում, որ Հայաստանը հաղթել է, ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ գին ենք մենք վճարելու»:
Խոսելով առհասարակ երկրի ներքին խնդիրների մասինՙ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի ներքին քաղաքական հարցերն ամենեւին չեն լուծվելու հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից. «Մենք մարտի մեկ ունենք, որն իրական մարտահրավեր է Հայաստանին: Տնտեսության մեջ, ինչպես նաեւ ներկուսակցական բազմաթիվ խնդիրներ ունենք: Հայաստանը քաղաքական, տնտեսական լուրջ բարեփոխումների կարիք ունի», եզրափակեց Ռիչարդ Կիրակոսյանը:
Հ. Ա.