Ինչպե՞ս կարելի է դա բացասական երեւույթ համարել
Հիմնականում շինարարության ծավալների կիսով չափ նվազման պատճառով էր, որ այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական անկումը հասավ 18,5 տոկոսի: Թեեւ տնտեսական անկումը փոքր-ինչ (1 տոկոսով) կրճատվել է, բայց միեւնույնն է, շինարարության ծավալները դեռ էապես զիջում են նախորդ տարվա ծավալներին: Սրանք անվիճարկելի փաստեր են: Անվիճելի է նաեւ, որ վերջին տարիներին Հայաստանի երկնիշ տնտեսական աճը նույնպես մեծապես պայմանավորված էր շինարարության բուռն զարգացմամբ: Երբ նման զարգացում է արձանագրվում տնտեսության որեւէ ճյուղում, ապա տրամաբանորեն դա դրական է համարվում: Իսկ Հայաստանի պարագայում դա առավել եւս դրական երեւույթ է, եթե նկատի ունենանք, որ դրանից ընդամենը մի քանի տարի առաջ մեր տնտեսությունն ամբողջությամբ կաթվածահար վիճակում էր:
Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այս տարվա տնտեսական անկման մեջ նկատելի դեր էր ունեցել շինարարության ծավալների նվազումը, նախորդ տարիներին այս ճյուղի բուռն զարգացումը ոմանք սկսեցին համարել բացասական երեւույթ: Նման տեսակետ արտահայտողների մի մասը դա անում է քաղաքական նպատակներով, մյուս մասն էլ քննադատությունը հիմնավորում է, որ մեկ ճյուղիՙ շինարարության բուռն զարգացումը հնարավորություն չտվեց դիվերսիֆիկացնելու մեր տնտեսությունը եւ համարժեք զարգացում ապահովելու նաեւ արդյունաբերության մեջ: Մի կողմ թողնելով առաջիններին, փորձենք անդրադառնալ, թե որքանո՞վ են իրական վերջիններիս հիմնավորումները եւ ինչպե՞ս կարելի է շինարարության ծավալների աճը համարել բացասական երեւույթ:
Նախ հարկ ենք համարում վերստին հիշեցնել, որ մինչեւ 1999-2000 թվականը Հայաստանի երբեմնի հզոր արդյունաբերությունից միայն ձեռնարկությունների պատերն էին մնացել: Անգամ կաթնամթերքի ամենօրյա սպառման որոշ տեսակներ ներմուծում էինք հարեւան Իրանից: 9-10 տարի առաջ աստիճանաբար սկսեցին վերականգնվել արդյունաբերության ամբողջական ճյուղեր: Ինչը չէր կարող տեղի ունենալ առանց այդ պահին իշխանության ղեկին գտնվողների ջանքերի, ճիշտ այնպես, ինչպես երկիրը չէր կարող ավերվել առանց 90-ականներին իշխանության գլուխ գտնվողների ջանքերի:
2000-կանների առաջին տարիներին Հայաստանում ստեղծվեցին մի քանի տասնյակ ադամանդագործական ձեռնարկություններ, այնուհետեւ սկսվեց սննդարդյունաբերության վերելքը: Սկսած կաթնամթերքից, մսամթերքից, քաղցրավենիքից եւ այլ արտադրանքից, մինչեւ գինու, կոնյակի, ոչ ոգելից խմիչքներ, սկսվեցին արտադրվել Հայաստանում, փոխարինելով ներմուծմանը: Սա ուղեկցվեց գյուղատնտեսության աշխուժացմամբ, որպես սննդարդյունաբերության համար հումքի մատակարարող: Վերագործարկվեցին հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները Ալավերդիում, Կապանում, Ագարակում, Ախթալայում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նույնպես սկսեց արագ տեմպերով զարգանալ: Դժբախտաբար, ռադիոէլեկտրոնիկայի, սարքաշինության, հաստոցաշինության, մեքենաշինության մոտ 150 ձեռնարկություններն արդեն անհնար էր վերագործարկել, քանի որ հենց այս ոլորտի սարքավորումները 90-ականներին հիմնականում որպես մետաղի ջարդոն արտահանվեցին հարեւան երկրներ: Թեթեւ եւ հատկապես տեքստիլ արդյունաբերությունը նույն պատճառով չկարողացավ վերականգնել իր երբեմնի հզորությունը: Թեեւ որոշ ընկերություններ շնորհիվ արտերկրյա պատվերների, մի քանի տարի կարողացան աշխատել:
Այսինքն, այնպես չէ եւ ճիշտ չէ ասելը, թե Հայաստանում անցած տարիներին զարգացել էր միայն շինարարությունը: Շինարարությունը սկսեց զարգանալ 2003-2004-ից, որի համար բարենպաստ հող էր ստեղծել մինչ այդ տնտեսության մյուս ճյուղերի վերականգնումը: Շինարարության զարգացումն էլ հենց այնպես տեղի չունեցավ: Դրա համար լուրջ խթան դարձան կառուցապատման խոշոր ծրագրերը եւ հատկապես Հյուսիսային պողոտայի նախագիծը: Խոշոր ներդրումներ ներգրավել մի երկրում, որը նոր-նոր էր վերականգնվում տնտեսական փլուզումից, այդ ժամանակվա իշխանության համար, մեղմ ասած, հեշտ չէր: Եթե չարվեին այս քայլերը եւ շինարարությունը չզարգանար, ապա մեր ընդհանուր տնտեսական աճն անհամեմատ ավելի փոքր կլիներ, անհամեմատ ավելի քիչ աշխատատեղեր կստեղծվեին, ավելի ցածր կենսամակարդակ կունենայինք, շինանյութերի արտադրությունները չէին զարգանա: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է ասել, թե շինարարության զարգացումը եւ այս ամենը բացասական երեւույթներ են:
Ինչ վերաբերում է շինարարության զարգացմամբ տնտեսության դիվերսիֆիկացման խոչընդոտելուն, ապա դա եւս անհիմն մոտեցում է: Նման տեսակետ արտահայտողները կարո՞ղ են մատնանշել Հայաստանում մեկ այլ ոլորտ, որտեղ անցած տարիներին հնարավոր լիներ նման խոշոր ներդրումներ ներգրավել: Շինարարության զարգացումը նաեւ օբյեկտիվորեն տեղի ունեցավ, քանի որ այն արտերկրի եւ կոմունիկացիաների հետ ուղղակի կապ չունեցող ոլորտ էր եւ դրանցով պայմանավորված սուբյեկտիվ դժվարություններն այստեղ պարզապես չկային: Շինարարության զարգացումը նաեւ ժամանակի պահանջ էր, քանզի շատ շինություններ ու ենթակառուցվածքներ տասնամյակների բեռի տակ արդեն քայքայվել էին եւ նորերի ստեղծման կամ նորոգման հրատապ անհրաժեշտություն կար: Եվ, ի դեպ, այդ անհրաժեշտությունը չի վերացել, ու մեր երկրում նորը կառուցելու դեռ մեծ պահանջարկ կա: Ցավոք, ճգնաժամը նման հնարավորություններ չի տալիս եւ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային քայլերը շինարարության ոլորտը խթանելու համար ոչ թե աննպակահարմար են, այլ ընդհակառակը, գոնե այս պահին ավելի շուտ խորհրդանշանական են եւ լուրջ արդյունքներ չեն կարող տալ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ