«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2009-12-02 | #221, 2009-12-03 | #222, 2009-12-04


«13 ՄԼՆ ՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՈՒՏ ԽՈՍԵԼ»

Կարծում է թուրք ուսանողը

Հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների մասին կարծես թե բոլորս ենք խոսել: Խոսվել է նրանցով առաջացող առավելությունների եւ մտահոգությունների մասին: Սակայն քչերն են նկատում, որ դրանց բարձրացած աղմուկը մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհում, եւ մասնավորապես թուրք երիտասարդության մեջ հետաքրքրություն է առաջացելՙ պարզելու այդ աղմուկի պատճառները:

Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, ազգությամբ թուրք, 27-ամյա Մուրադ Սաքքին 3-4 օր Երեւանում էր: Նրա խոսքերովՙ ուսումնական տարվա ընթացքում Հայաստան կատարած կարճատեւ այցելության նպատակները երկուսն են, նախ նա ցանկանում է մոտիկից ծանոթանալ Հայաստանին ու հայերի հետ, եւ երկրորդըՙ...Մուրադը համացանցով ծանոթացել է երեւանցի Լիլիթի հետ եւ եկել է նաեւ նրան տեսնելու:

Թուրք երիտասարդը պատասխանեց «Ազգ»-ի որոշ հարցերին:


- Մուրադ, Հայաստան գալուդ պատճառները շա՞տ լուրջ են, որ կարողացել ես ուսումնական տարվա ընթացքում այցելության ժամանակ գտնել:

- Նախ ասեմ, որ շատ ուրախ եմ Հայաստանում գտնվելու համար: Մինչեւ մեր երկու երկրների միջեւ սկսած գործընթացները, կարելի է ասել, ոչինչ չգիտեի ձեր երկրի մասին, իսկ ինչ էլ որ գիտեիՙ ընդամենը տեղեկություններ էին թշնամի երկրի մասին: Երբ տեղափոխվեցի Մոսկվաՙ սովորելու, այնտեղ ձեռք բերեցի շատ հայ ընկերներ, որոնք իմ լավագույն ընկերներն են: Նրանց կողմից չեմ զգացել եւ զգալ չեմ տվել թշնամանք: Ինչ վերաբերում է այցիս պատճառներին. ապա ասեմ, որ արձանագրությունների աղմուկը իմ մեջ հետաքրքրություն առաջացրեցՙ պարզելու դրա «հայկական հիմքերը», հասկանալու, թե ինչո՞ւ ձեզանից ոմանք դեմ են մեզ հետ հարեւանությանը, բարեկամությանը: Բացի այդ, խոստովանեմ, որ այստեղ եմ եկել նաեւՙ տեսնելու հայուհի Լիլիթին, որի հետ ծանոթացել եմ համացանցով:

- Նախՙ «գործի» մասին. այս 3 օրը, որ Երեւանում ես, բավականացրե՞ց ծանոթանալու Հայաստանին, պարզելու ընդդեմ Թուրքիայի հետ մերձեցման հայկական շարժառիթները:

- Ես չեմ ուզում որպես ապագա դիվանագետ պատասխանել: Ես կպատասխանեմ որպես թուրք երիտասարդ: Ձեր շարժառիթները հիմնականում կապված են 1915-ի իրադարձությունների հետ: Խոստովանում եմ, ես չգիտեմՙ ինչ է եղել այդ ժամանակ, չգիտեմ, բայց անպայման կիմանամ: Եվ եթե դա ցեղասպանություն է, ապա, իհարկե, պետք է ընդունվի եւ դատապարտվի: Բայց, կրկնում եմ, ես վստահ չեմ. իմ ընտանիքը, իմ դպրոցը, իմ շրջապատն ու երկիրը ինձ հակառակն են ապացուցել: Մյուս կողմից էլ գտնում եմ, որ 13 մլն մարդ չի կարող սուտ խոսել:

- Եղե՞լ ես Ծիծեռնակաբերդում:

- Ոչ, չհարցնես պատճառը, խնդրում եմ, չեմ կարող նշել:

- Իսկ ի՞նչ տպավորություններ ունես Երեւանից, հայաստանցիներից ընդհանրապես:

- Հարավային ժողովուրդները միշտ էլ աչքի են ընկել իրենց բացառիկ հոգով, հատկապես Մոսկվայում ես դա հասկացա: Ձեր երկիրն ու ժողովուրդն էլ բացառություն չեն: Սակայն մի բան եմ ուզում անպայման նշել. երբ իմանում են, որ թուրք եմ, կամ ավելի զգոնանում են, կամ էլ պարզապես դադարում են խոսելուց: Խոսքս հասարակ հայերի մասին է, որոնց հետ շփվեցի փողոցում: Նույնըՙ Լիլիթի հետ կապված: Նրա ծնողները դեմ են մեր հարաբերություններին ու ծանոթությանը: Ես ուզում էի նրանց տուն գնալ, բայց ստիպված հանդիպեցինք ձեր պետական համալսարանում. նա սովորում է այնտեղ:

- Վիրտուալ ծանոթությունները սովորաբար հաջող ընթացք չեն ստանում, ձեր դեպքում է՞լ այդպիսին էր:

- Լիլիթը հայ աղջիկ էՙ ես թուրք տղա, ես նրան էլ ասացի, որ մենք կարծես Ռոմեոն ու Ջուլիետը լինենք, պարզապես մեր ընտանիքները մեր պետություններն են, մեր ժողովուրդները, եթե կուզեք: Եթե նույնիսկ ես վստահություն հայտնեմ, որ իմ ծնողները նրան կընդունեն, Լիլիթը երբեք նման խոստում չի կարող ինձ տալ. հայը երբեք իր աղջկան չի տա թուրքին, սա է ցավալին, ավելի ցավալի, քան Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ մտահոգությունները արձանագրությունների հետ կապված: Այս եւ առհասարակ միջհասարակական խնդիրներն ու վերքերը պետք է լուծվեն ու բուժվեն, ավելի հրատապ, քան քաղաքական խնդիրները:

- Ինչպես հայ երիտասարդ թուրք երիտասարդին հարցնում եմ. հնարավոր համարո՞ւմ ես, որ մի օր մենք անարգել կայցելենք միմյանց տները եւ կխոսենք մեր հետագա անելիքների, ոչ թե խնդիրների մասին:

- Մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար, մենք ուղղակի իրավունք չունենք այդպես չանելու:

- Որեւէ բան տանելո՞ւ ես հետդ Հայաստանից:

- Հուշեր, որ եղել եմ ձեր երկրում: Երկիր, որն ինձ համար մանուկ հասակում թշնամի էր, միեւնույն ժամանակ երկիր, որտեղ ունեմ իսկական ընկերներ, եւ որը շատ սիրեցի: Աստված օրհնի ձեր երկիրը:

Հ.Գ.- Մեզ չհաջողվեց զրուցել Լիլիթի հետ, քանի որ նրա ծնողները կտրականապես դեմ են, որ նա խոսի այդ թեմայով: Մուրադի խոսքերովՙ նրանք մնում են լավ ընկերներ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4