Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում երեկ «Հատիսը» հյուրընկալել էր հունական «Աթինաիկոսին», որին Աթենքում մեկնարկային խաղում զիջել էր խոշոր հաշվով: Բնականաբար, մեր բասկետբոլիստուհիները խաղահրապարակ էին դուրս եկել ռեւանշի հասնելու վճռականությամբ: 3-րդ անընդմեջ հաղթանակը մեր բասկետբոլիստուհիներին հնարավորություն կընձեռեր ժամկետից շուտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ցավոք, ռեւանշը չկայացավ: Հաջող սկսելով հանդիպումը, «Հատիսը» հետագայում զիջեց նախաձեռնությունը եւ պարտվեց 79-87 հաշվով:
Խաղասկիզբը շատ խոստումնալից էր «Հատիսի» համար: Հաշիվը դիպուկ նետումով բացեց թիմի ավագ Բոյանա Վուլիչը: Մեր թիմը բավական արդյունավետ էր գործում գրոհելիս եւ հուսալի պաշտպանվում էր: Դրա արդյունքում «Հատիսը» մեծ առավելության հասավ առաջին խաղափուլումՙ ընդմիջման գնալով 33-21 հաշվի ժամանակ: «Հատիսից» արդյունավետությամբ աչքի ընկան Վուլիչն ու Վիանինՙ թիմին 8-ական միավոր պարգեւելով:
Թվում էր, թե 2-րդ խաղափուլում «Հատիսը» կզարգացնի հաջողությունը: Սակայն հյուրերը հակախաղ գտան, կարգավորեցին իրենց գործողությունները: Խաղասկզբում մեր բասկետբոլիստուհիներին ոչ մի կերպ չէր հաջողվում դիպուկ նետում կատարել, մինչդեռ հյուրերը 11 միավոր վաստակեցինՙ կրճատելով հաշիվը: Քիչ անց նրանք այս խաղի ընթացքում առաջին անգամ հաշվի մեջ առաջ անցանՙ 36-35: Մեծ ջանքերի գնով «Հատիսը» հավասարեցրեց հաշիվը (44-44), բայց վերջին րոպեին «Աթինաիկոսը» հաշվի մեջ առաջ անցավ (49-44):
3-րդ խաղափուլի սկիզբը շատ հաջող էր «Հատիսի» համար: Արդյունավետությամբ աչքի ընկավ հատկապես Մաուրիտա Ռեյդըՙ թիմին 8 միավոր պարգեւելով: «Հատիսին» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել (56-51): Բայց աստիճանաբար հյուրերը տիրեցին նախաձեռնությանը եւ հաշվի մեջ առաջ անցանՙ 62-61: Իսկ 3-րդ խաղափուլը նրանք շահեցին 2 միավորի տարբերությամբ (65-63):
Ամեն ինչ պետք է վճռվեր վերջին խաղափուլում: Պահեստայինների կարճ նստարանի պատճառով (խաղին ընդամենը 7 բասկետբոլիստուհիներ էին մասնակցում) թիմի գործողություններում հոգնածություն էր զգացվում: Բացի այդ, անհաջող էին հեռահար նետումները, իսկ օղակի տակ էլ մերոնք չէին կարողանում տիրել գնդակին: Չնայած դրան, «Հատիսը» պայքարեց մինչեւ վերջին վայրկյանները: Թիմի համար մեծ կորուստ էր 5-րդ անհատական տուգանքի պատճառով խաղահրապարակը թողած Մաուրիտա Ռեյդի բացակայությունը: Հանդիպման ավարտից 2,5 րոպե առաջ «Աթինաիկոսը» հաղթում էր 78-72 հաշվով: Մնացած ժամանակահատվածում «Հատիսին» չհաջողվեց բեկում մտցնել մրցակցությունում եւ խաղը տանուլ տվեց 79-87 հաշվով:
Հաջորդ հանդիպումը «Հատիսը» կանցկացնի դեկտեմբերի 10-ինՙ հյուրընկալվելով ռուսական «Չեւակատային»: Իսկ խմբային մրցաշարի վերջին խաղում, դեկտեմբերի 17-ին մեր բասկետբոլիստուհիները «Միկա» մարզադաշտում կմրցեն «Բեշիքթաշի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ