«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2009-12-03 | #222, 2009-12-04 | #223, 2009-12-05


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

«Հայ-վրացական հարաբերությունները միշտ եւ հատկապես վերջին շրջանում կառուցված են եղել անհավասարաչափության եւ անհամաչափության սկզբունքների վրա», երեկ հայտարարեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը :

Չնայած, Թորոսյանի կարծիքով, Վրաստանը միշտ էլ խտրական քաղաքականություն է վարել ջավախահայության նկատմամբ, սակայն. «Երբ բացվի հայ-թուրքական սահմանը, իրավիճակն էապես կփոխվի, քանի որ դրանից հետո Հայաստանն այլընտրանքային ճանապարհ կունենա դեպի արտաքին աշխարհ եւ կկարողանա ավելի կոշտ խոսել Վրաստանի հետՙ պահանջելով ջավախահայերի վիճակի բարելավում: Ուզում եմ շեշտել նաեւ, որ Ջավախքի պայքարը անջատողական պայքար չէ, իրավունքների վերականգնման պայքար է», նշեց Թորոսյանը:

Խոսելով Վերին Լարս միջազգային անցակետի վերաբացման մասինՙ բանախոսը նկատեց, որ Վրաստանը դրանով արդեն իսկ գնում է զիջումների. «Վրացական կողմը լավ է գիտակցում, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Բաթումի եւ Փոթիի նավահանգիստների դերը կնվազի, ուստի կանի ամեն բան, որ չկորցնի հայկական կողմից ստացվող եկամուտները: Կարծում եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ իրական գործընկերային հարաբերություններ կհաստատվեն միայն հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, երբ Վրաստանը կդադարի իր աշխարհաքաղաքական դիրքի չարաշահումը եւ Հայաստանի հետ կսկսի հանդես գալ իրական գործընկերոջ դիրքերից», եզրափակեց Շիրակ Թորոսյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4