Երեկ «Հայացք» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը ՙ ավելացնելով. «Առաջին անգամ Հայաստանն ընդունեց, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Զուրաբյանը հիշեցրեց, որ նախկինՙ ՀՀՇ-ական իշխանությունների օրոք հայ դիվանագիտության ջանքերով մշակվել էր ղարաբաղյան հակամարտության լուծման մեխանիզմ. «Դա ԵԱՀԿ շրջանակներում խնդրի լուծումն էր, որտեղ Հայաստանը ցանկացած պահի կարող էր եւ օգտագործել է իրՙ վետոյի իրավունքը: Դեկտեմբերի 2-ի աթենքյան համատեղ հայտարարությունից հետո, պետք է արձանագրել, ամբողջ մեր դիվանագիտության ջանքերը ջուրը լցվեցին: Այն դիվանագիտության, որը միշտ աշխատել է, որ որեւէ միջազգային փաստաթղթում չմտնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը», նշեց բանախոսը:
Այժմ էլ, Զուրաբյանի կարծիքով, հանրությանը փորձում են խաբել, թե այդ հայտարարության մեջ կա նաեւ ինքնորոշման սկզբունքը: Դա առաջացնում է ՀԱԿ-ի անդամի ծիծաղը: «Անտեսվում է, որ այդ սկզբունքը դրված է միայն տարածքային ամբողջականության շրջանակներում», նկատեց Լեւոն Զուրաբյանը:
Շարունակելով աթենքյան իրադարձությունների իր վերլուծություններըՙ բանախոսը հիշեցրեց արտգործնախարար Նալբանդյանին, որ Ադրբեջանը հիմա չէ, որ ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքը. դեռեւս Հեյդար Ալիեւի ժամանակներում Բաքուն, ըստ Զուրաբյանի, բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Ղարաբաղի ժողովրդին տալ առավելագույն ինքնավարություն, սակայն Ադրբեջանի ենթակայության տակ. «Իսկ հիմա, փաստորեն, Հայաստանը համաձայնում է ադրբեջանական տեսակետին, քանի որ դեկտեմբերի 2-ի հայտարարության համաձայն, Ղարաբաղի հարցը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի», հայտարարեց Զուրաբյանըՙ հավելելով, որ սա ընդամենը միջազգային հանրության կողմից Հայաստանին պարտադրված կամ առաջարկված գործարքի մի մասն է, իսկ հաջորդ մասով Հայաստանը ստանում է Թուրքիայի հետ բաց սահման:
Վերջում, անդրադառնալով նախագահ Սարգսյանիՙ ՀՀԿ համագումարում արած հայտարարությանը, թե իշխանությունը միշտ պատրաստ է երկխոսության տարբեր քաղաքական ուժերի հետ, Զուրաբյանը, նշեց, որ քանի երկրում կան քաղբանտարկյալներ, իրենք չեն գնա այդ երկխոսությանը. «Քաղբանտարկյալների հարցն այն առանցքային հարցն է, որ կա մեր եւ իշխանության միջեւ: Բացի այդ, մենք չենք կարեւորում, թե ինչ ասաց իշխանությունը կամ նախագահը. մենք առավել կարեւոր ենք համարում իշխանությունների կատարած գործը: Ես մի անգամ էլ եմ ասել, հիմա էլ կրկնեմ. խոսքն ընդդիմության խոսքն է, իսկ իշխանության խոսքը պետք է լինի նրա արած գործը», եզրափակեց նախկին նախագահի խորհրդական աշխատած Լեւոն Զուրաբյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ