Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010-ի կեսերին: Նոր էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 մեգավատի եւ շահագործելովՙ «Հայռուսգազարդ» ընկերությունը ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում եւ ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարեւան երկրներ:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը երեկ աշխատանքային այցով եղան Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքների ընթացքին:
2010-ի վերջին 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին: Էներգաբլոկի շինարարությամբ հնարավորություն կստեղծվի 1 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 270 գրամ պայմանական վառելիք, ինչն իր հերթին հնարավորություն կտա նվազեցնելու ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:
2010-ի ապրիլի մեկից հազար խորանարդ մետր գազի դիմաց մեր ազգաբնակչությունը 154 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելու է 180 ԱՄՆ դոլար: «Ազգ»-ի հարցին, թե նախատեսվո՞ւմ է նոր էներգաբլոկի կառուցումից հետո էլեկտրոէներգիայի սակագնի մեղմացում, նախարարը պատասխանեց. «Եթե ամեն ինչ նույնը մնաց, գազի գները չթանկանան, սարքավորումների, նյութատեխնիկական ապրանքների գները չբարձրանան` հնարավոր է»:
Մինչդեռ մեր երկրի շատ տնտեսագետներ այն կարծիքին են, որ այլ երկրներում նման էներգաբլոկների կառուցումը նախատեսված է ավելի թեթեւացնելու էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարվող գումարները:
Նախարարը նշեց նաեւ, որ էներգաբլոկի ավելացած հզորությունները հնարավորություն կտան էլեկտրաէներգիա արտահանելու նաեւ հարեւան երկրներ: Ինչ վերաբերում է դեպի Թուրքիա Էլեկտրաէներգիայի արտահանման գործընթացին, ապա, նախարարի խոսքերով, էլեկտրաէներգիա կարտահանվի Թուրքիա եկող տարվա առաջին եռամսյակից:
Ի դեպ, 2006-2009-ի ընթացքում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 393.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 249 միլիոն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման համար:
Ն. Մ.