Ազգաբնակչության եւ զարգացման 15-րդ միջազգային խորհրդաժողովին նվիված միջոցառման ժամանակ պերինթոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը , անդրադառնալով Հայաստանում ծնելիության խնդրին ու արհեստական վիժեցումներին, փաստել է, որ երկրում 4 ծնունդին բաժին է ընկնում 1 արհեստական վիժեցում: «Եթե խորհրդային տարիներին Հայաստանում հակառակ հարաբերակցությունն էր, մեկ ծնունդին` 3-4 արհեստական վիժեցում, ապա վերջին տարիներին արհեստական վիժեցումների թիվը զգալիորեն կրճատվել է»:
Աբրահամյանը հայտարարել է, որ եթե 2007-2008 թթ. նորածինների թիվը Հայաստանում կազմել է 40-41.000, ապա 2009-ին նորածինների թիվը կարող է հասնել 43.000-ի: Այս համատեքստում շարունակում է մտահոգիչ մնալ մայրական եւ մանկական բարձր մահացության խնդիրը: Աբրահամյանի խոսքերով, 100.000 նորածիններին բաժին է ընկնում մահացության 25-28 դեպք: «Մայրական մահացությունը Հայաստանում ավելի ցածր է, քան ԱՊՀ այլ երկրներում, սակայն բարձր է Եվրոմիության միջին ցուցանիշից»:
Մտահոգիչ է նաեւ վերարտադրողական տարիքի կանանց առողջական վիճակը: Յուրաքանչյուր 6-րդ կին տառապում է սակավարյունությունից, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ծննդաբերության ժամանակ:
Հ. Հ.