Այսպես սկսեց իր խոսքը «Դե ֆակտո» ակումբում երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը : Ասուլիսին ներկա էին նաեւ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը :
«Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց ու պատվո պատվանդանին բարձրացա, ուրախությունս անսահման էր: Ցանկանում էի կիսվել այն միլիոնավոր հայերի հետ, որոնք այդ պահին հեռուստացույցով հետեւում էին իմ ելույթներին եւ իմ հետ միասին ուրախանում: Ուզում էի պատկերացնել, թե այդ պահին ինչ են զգում նրանք: Բոլորից շատ շնորհակալ եմ: Ցանկանում եմ իսկապես երջանիկ լինեն, զբաղվեն սպորտով, որը նաեւ ուրախություն է պարգեւում: Մրցումներից առաջ մտածել էի, որ երբ հաջող ավարտեմ վերջին մոտեցումը, ակրոբատիկական վարժություն կատարեմ: Կարծում եմ ամեն ինչ շատ տպավորիչ ստացվեց», իր հույզերն ու զգացմունքները լրագրողների հետ կիսեց Նազիկը:
Շատերը զարմացել էին Նազիկի կողմից ակրոբատիկական բարդ տարրի անթերի կատարման վրա: Տեղեկացնենք, որ Նազիկը մինչեւ ծանրամարտով զբաղվելը 10 տարի պարապել էր ակրոբատիկայով: «Ակրոբատիկան շատ է ինձ օգնել: 17 տարեկանում արդեն ստիպված էի հեռանալ մարզաձեւից: Սակայն չէի ցանկանում թողնել սպորտն ու զբաղվել մարզչական աշխատանքով: Ընկերուհիներիցս մեկն ակրոբատիկայից հետո սկսել էր զբաղվել ծանրամարտով, ուստի նրա խորհրդով ես էլ հետեւեցի նրա օրինակին: Սկզբում այնքան էլ լրջորեն չէի վերաբերվում մարզումներին, 2 տարում երեւի թե 5-6 ամիս եմ հաճախել պարապմունքներին: 2006-ի փետրվարից եմ սկսել լրջորեն զբաղվել ծանրամարտով: Իսկ սեպտեմբերին աշխարհի առաջնությունում գրավեցի 7-րդ տեղը», նշեց Նազիկ Ադվալյանը:
Ինչ վերաբերում է չեմպիոնուհու անձնական կյանքին, ապա ինչպես եւ բոլոր աղջիկները, Նազիկն էլ ժամանակին սիրահարվել է: Սակայն ամուսնության մասին առայժմ չի մտածում: Նա իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է սիրած մարզաձեւի վրա: Ի դեպ, Նազիկը վերջին անգամ հանդես եկավ մինչեւ 69 կգ քաշային կարգում: Նրա համար արդեն դժվար է ամեն անգամ քաշ գցելը: Հաջորդ տարվանից Ավդալյանին մենք կտեսնենք մինչեւ 75 կգ քաշայինների մրցավեճում:
Ինչպես հայտնի է, պոկում վարժության 2-րդ մոտեցման ժամանակ մրցավարները չէին գրանցել 119 կգ քաշը: Նազիկը նշեց, որ վարժությունը կատարելիս ինքը զգացել է, որ տեխնիկական թեթեւ սխալ է թույլ տվել, ուստի կքանստած դիրքում սպասում էր մրցավարների արձագանքին: Սակայն ազդանշան չէր եղել եւ Նազիկը հաջողությամբ բարձրացրել էր ծանրաձողը, որից հետո նոր մրցավարները չէին հաշվել քաշը: Դա Նազիկին թեեւ վրդովեցրել էր, սակայն չէր ընկճել: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը պարտավորեցնող է եւ Նազիկն արդեն երեքշաբթի կվերսկսի մարզումներըՙ նախապատրաստվելով գալիք մրցաշրջանին:
Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը գերազանց գնահատեց մեր ծանրորդների ելույթները: Մինչեւ 69 կգ քաշային կարգում Առաքել Միրզոյանն ապրիլին Բուխարեստում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել: Առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությանը, նա կրկին գերազանց ելույթ ունեցավՙ դառնալով արծաթե մրցանակակիր: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Առաքելը տեղափոխվելու է մինչեւ 77 կգ քաշային կարգ:
Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի ցույց տված արդյունքները գերազանցում էին նախորդ տարվա աշխարհի չեմպիոնի ցուցանիշները: Պարզապես չինացի ծանրորդը բարձր արդյունքի հասավ, ուստի Տիգրանը բավարարվեց արծաթե մեդալով:
Մելինե Դալուզյանը թեեւ մեդալ չնվաճեց, բայց հաշվի առնելով երկարատեւ հիվանդությունը, նրա ելույթն էլ հուսադրող է: Մելինեն այսուհետեւ հանդես կգա մինչեւ 69 կգ քաշային կարգում:
Տիգրան Վարդանի Մարտիրոսյանին չեմպիոն դառնալուն խանգարեց մեջքի վնասվածքը, որի պատճառով մարզիչները չթույլատրեցին նրան մասնակցել հրում վարժությանը: Սամվել Խաչատրյանը դրվատանքի խոսքեր հղեց նաեւ Գեւորգ Պողոսյանի հասցեին, ով Եվրոպայի առաջնությունում ցույց տված իր արդյունքը գերազանցեց 14 կգ-ով եւ 208 կգ-ով հրում վարժությունում արժանացավ բրոնզե մեդալի: Գեւորգն էլ առաջիկայում կտեղափոխվի 94 կգ քաշային կարգ:
Հռիփսիմե Խուրշուդյանը մարզիչներից թաքցրել էր, որ ուսը ցավում է: Նրա ելույթում մի փոքր խուճապ զգացվեց, սակայն ամեն դեպքում բրոնզե մեդալը եւս մեծ նվաճում է: Հռիփսիմեն էլ հանդես է գալու 75 կգ-ից բարձր քաշային կարգում:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշեց, որ Հայաստանում կանանց ծանրամարտն արմատավորվել է 2000-ից: Եվ շատ կարճ ժամանակահատվածում զգալի հաջողություններ են գրանցվել: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու, ուստի հավաքականը լրիվ կազմով է մասնակցելու: Ըստ մարզչի, կան խոստումնալից մարզուհիներ, որոնք կարող են համալրել հավաքականի կազմը եւ իրենց խոսքն ասել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ