Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները թեեւ դեռ չեն սկսել նոր մրցաշրջանի նախապատրաստությունը, սակայն արդեն մտածում են կազմը համալրելու մասին: Մասնավորապես «Միկան», որի ղեկը որոշ ընդմիջումից հետո կրկին ստանձնել է Արմեն Ադամյանը, լուրջ համալրում է ստացել ի դեմս Հայաստանի հավաքականի եւ «Ուլիսի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի: Վերջինս «Շիրակի» սան է, 2 մրցաշրջան հանդես է եկել «Արարատում»ՙ դառնալով Հայաստանի գավաթակիր եւ արծաթե մրցանակակիր: Անցած մրցաշրջանի շեմին նա «Արարատից» տեղափոխվեց «Ուլիս», որի կազմում հաջող մրցելույթներ ունենալով, նաեւ ընդգրկվեց Հայաստանի ազգային հավաքականում: Պատահական չէ, որ Մկոյանն այն 10 ֆուտբոլիստների ցանկում է, որոնք հավակնում են 2009-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին: Հրայր Մկոյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Միկայի» հետ:
«Ուլիսն» իր հերթին 2 ֆուտբոլիստի է հրավիրել: Հաջորդ մրցաշրջանում թիմում հանդես կգան «Գանձասարից» հեռացած Վալերի Ալեքսանյանը եւ նախկին արարատցի Գեորգի Կրասովսկին: «Բանանցից» էլ հեռացել է Արտակ Օսեյանը: «Արարատի» ղեկավարությունը վճռել է առաջին խմբում հանդես գալ երիտասարդներով, իսկ փորձառու ֆուտբոլիստներին վարձավճարով տրամադրել այլ ակումբների: Սա արվում է ծախսերը նվազեցնելու համար: Այս պահին առաջին խմբում բացի «Արարատից», մյուս թիմերը բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների դուստր թիմերն են, որոնք կանոնակարգի համաձայն չեն կարող պայքարել ուժեղագույնների մրցաշարի ուղեգրի համար: Ուստի անկախ գրաված տեղից, «Արարատը» կվերադառնա բարձրագույն խումբ: Սակայն բացառված չէ, որ նոր մրցաշրջանում առաջին խմբում «Արարատից» բացի ոչ դուստր այլ թիմեր եւս հանդես գան: Այդ դեպքում արարատցիներին ուղեգիր նվաճելու համար հարկ կլինի գերազանցել նման թիմերին, իսկ երիտասարդ ֆուտբոլիստներով դա անելը դժվար կլինի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ