88-ի ավերիչ երկրաշարժի 21-րդ տարելիցը Գյումրիում սկսվեց Սբ Աստվածածին (ժողովրդի մեջ հայտնի որպես Յոթ Վերք) եկեղեցում:
Սբ Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրի մոտ երեկ ՀՀ նախագահի գլխավորությամբ երկրի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին եւ գլուխ խոնարհեցին երկրաշարժի զոհերի հիշատակին:
21 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից քսան մեծ ու փոքր քաղաքներ եւ 358 գյուղեր են վնասվել, որոնցից 58 գյուղեր ամբողջությամբ ավերվել: Աղետը հսկայածավալ վնաս է հասցրել բնակելի ու պետական շենքերին եւ արդյունաբերական հաստատություններին:
Երկրի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի ուղեկցությամբ շրջեց շաքարի գործարանի ներսում, տեղեկացավ, թե ինչ ընթացքում է ներկայումս դրա կառուցումը: Ըստ գյուղնախարարի` գործարանը տարածաշրջանում լուրջ կառույց է, արդեն իսկ կատարվել է շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում: Այն աշխատելու է ե՛ւ դրսի հումքի, ե՛ւ տեղական ճակնդեղի հաշվին: Ակնկալվում է մոտ երկու-երեք տարվա ընթացքում հինգ հազար հեկտար շաքարի ճակնդեղ մշակել: Նախարարը ծրագիրը հետաքրքրական է համարում նաեւ այն առումով, որ ոչ միայն հազար մարդ կաշխատի գործարանում, այլեւ 20 հազար աշխատատեղ կստեղծվի գյուղացիական տնտեսություններում: Մասամբ կլուծվի նաեւ կարտոֆիլագործության ոլորտում ավելցուկի խնդիրը. որոշ հողատարածքներ կտրամադրվեն շաքարի ճակնդեղի մշակությանը: Հանրապետությունում տարեկան 90 հազար տոննա պահանջարկն ամբողջովին բավարարվում է ներկրման հաշվին, հաջորդ տարի մայիսից գործարանը կաշխատի դրսի հումքով, իսկ աշնանն արդեն` տեղի ճակնդեղով:
«Օրական կարող է մթերվել շուրջ չորս հազար տոննա շաքարի ճակնդեղ, բոլոր խնդիրները կլուծվեն այնպես, որ ոչ միայն ներքին պահանջարկն սպառվի, այլեւ արտադրանքը արտահանվի», վստահեցրեց Գ. Ալավերդյանը: Տնօրեն Է. Սարգսյանը նշեց, որ գործարանը պատրաստ է գործարկվելու: Եղանակային պայմանների պատճառով գործարկումը թողնվել է գարնանը: Արտադրանքը, նրա վստահեցմամբ, որակով կտարբերվի այսօր ներկրվող շաքարից. թեեւ այսօր էլ որակյալ շաքար է ներկրվում, սակայն արտադրվողը կգերազանցի եւ կհամապատասխանի եվրոպական չափանիշներին: Գործարանի հիմնական սարքավորումները չժանգոտող մետաղից են, որի շնորհիվ կապահովվի նման որակ: Գինը եւս կտարբերվի. այդ օրվա շուկայական գնից 30-40 դոլար յուրաքանչյուր տոննայում տարբեր կլինի: Գործարանը գործարկումից հետո ողջ հզորությամբ կարող է աշխատել:
«Հզոր գործարան է, Հայաստանի պահանջարկի ծավալից երկու եւ կես անգամ ավելի արտադրական հզորություն ունի` 220 հազար տոննա: Արտադրանքը կարտահանվի Վրաստան, Հյուսիսային Իրան, Ռուսաստանից եւս հետաքրքրություն է արտահայտվել, հնարավոր է նաեւ արտահանում եվրոպական որեւէ տարածաշրջան: Առաջին տարին ոչ շատ մեծ քանակությամբ ճակնդեղ կմշակվի, բայց կլինի այնքան, որ գործարանը նորմալ կգործարկվի, կկարգավորվի եւ կապացուցի, որ «ճակնդեղի սխեման» գործում է: Տեղում մշակված ճակնդեղով կարտադրվի Հայաստանի պահանջարկի 40 տոկոսը, մնացած 60 տոկոսը կարտադրվի ներկրված հարավամերիկյան կիսաֆաբրիկատ հումքով», ասաց գործարանի տնօրենը: Աշխատանքի տեխնոլոգիան շուրջօրյա է, իսկ երկու սխեմաները ավտոնոմ գործելու հնարավորություն ունեն: Գործարանն աշխատելու է տասն ամիս, յուրքանչյուր տարի երկու ամիս գործարանը կկանգնեցվի վերանորոգման: Մինչ այդ, տեղական ճակնդեղի վերամշակման սխեման ավարտին հասցնելու համար կծախսվի լրացուցիչ եւս 8-10 միլիոն դոլար: Գործարանը լրիվ հզորությամբ աշխատանքով կարող է արտադրել 220 հազար տոննա սպիտակ շաքար (գործարանի արտադրական հզորությունը օրական 800 տոննա սպիտակ շաքարի արտադրություն է): Նկատի ունենալով, որ շաքարի ճակնդեղի հումքով շաքարի արտադրությունը լրիվ հզորության կարող է հասնել 4-5 տարիների ընթացքումՙ ենթադրվում է, որ առաջիկա տարիներին տեղական հումքը կբավարարի ընդամենը 10-15 հազար տոննա շաքարի արտադրության համար:
Սերժ Սարգսյանն այցելության շրջանակներում մասնակցեց Անիի, Արթիկի, Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների 21 համայնքների գազամատակարարման մեկնարկի արարողությանը: Գազի խորհրդանշական այրումով սխեմատիկ քարտեզի վրա ազդարարվեց տարածաշրջանի 21 համայնքների գազաֆիկացման աշխատանքների ավարտը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքերով` համայնքների գազաֆիկացումն իրականացել է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրերի իրականացման շրջանակներում: Այս տարի լուծվելու է 59 համայնքի նմանատիպ խնդիր: Համայնքների գազաֆիկացումը երկու հարց է լուծում` գյուղաբնակների առօրյա կենցաղային պայմանների բարելավման եւ սոցիալական օբյեկտների` դպրոցների, մանկապարտեզների ջեռուցման խնդիրներ: Ծրագիրը բավական կարեւոր նշանակություն ունի: Միակ խնդիրը գազաֆիկացված համայնքներում գազը տուն անցկացնելու խնդիրն է: «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ քննարկել ենք այս հարցը եւ որոշել «Հայռուսգազարդ»-ի հետ այնպիսի լուծումներ տալ խնդրին, որ գազի հասանելիությունն ավելի մատչելի դառնա», հավաստիացրեց նախարարը:
Խոսելով Շիրակի մարզում «Գլենդեյլ հիլզ» ընկերության կողմից իրականացվող բնակարանաշինության ընթացքի մասին` փոխվարչապետը նշեց, որ մինչեւ տարվա վերջ 1050 բնակարանի շինարարություն Գյումրիում ավարտվելու է:
Ն. Մ.