ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Ազգային ժողովում քննարկվում էին Աֆղանստանում միջազգային աջակցման ուժերի կազմում ՀՀ-ի զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական եւ ֆինանսական համաձայնագրերը (Հայաստանի նախագահի ներկայացմամբ): Ըստ այդ համաձայնագրերի, նախնական տվյալներով, 40 հոգանոց հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում հավանաբար 2010 թվականի փետրվարից խաղարար գործողություն է իրականացնելու Աֆղանստանում` իր կազմում ունենալով 1 հետեւակային դասակ, 1 սպա բժիշկ, եւ 3 շտաբային սպաներ: Առաքելությունը կիրականացվի հյուսիսային ռեգիոնալ հրամանատարության ներքո, Կունդուշ քաղաքում, որտեղ մերոնք կպահպանեն ավիացիոն թռիչքահրապարակը: Այս հարցը միանգամից աշխուժացրեց երկու շաբաթ լռած մեր խորհրդարանականներին, եւ բավական թվով պատգամավորներ աշխատում էին իրենց պատկերացումները ներկայացնել հարցի առիթով, ընդ որում բոլորն էլ նախ խոսում էին, որ, այո, Հայաստանի արտաքին քաղաքական կշռի եւ երկրի անվտանգության լայն համատեքստում այս խաղաղարար առաքելությունն անհրաժեշտություն է:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , որ ներկայացնում էր համաձայնագրերը, ասաց, որ Հայաստանը Իրաքում եւ Կոսովոյում խաղաղապահ գործողություններ իրականացնելու փորձ ունի, իսկ այժմ միջազգային կայունացման ամենալուրջ մարտահրավերները Աֆղանստանից են բխում, որի համար միջազգային համատեղ ջանքեր են պահանջվում, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը եւ այլ կազմակերպություններ այս հարցում համագործակցում են, մենք էլ համարժեք ներդրում պետք է ունենանք այս գործում: Մի խոսքով` Հայաստանը, լինելով միջազգային հանրության լիիրավ անդամ, պարտավոր է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործողություններում:
Մի քանի պատգամավորական դիտարկումներ հարկ ենք համարում ներկայացնել: «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը կողմ էր խաղաղապահ առաքելություն իրականացնելուն` մեր շահերից է բխում, հիշեցրեց, որ 1990-ականների սկզբին աֆղան մոջահեդներին ուղարկել էին մեր դեմ կռվելու` իրենց «չակերտավոր «եղբայր» ադրբեջանցիներին» օգնելու: Բայց, օրինակ, այս խմբակցության տեսակետը ներկայացնող Լարիսա Ալավերդյանը խաղաղարար բառի փոխարեն խառնարար օգտագործեց եւ հայտնեց, թե խմբակցությունը քվեարկելու է խղճի մտոք:
Վիկտոր Դալլաքյանն «համակարգային» էր, ինչպես միշտ` սկսեց Կոսովոյում եւ Իրաքում հայերիս իրականացրած խաղարար գործողություններից` դրանք բարձր գնահատելով, հասավ աշխարհաքաղաքական հարթություն` համաձայնագրերի վերջնական նպատակը արեւմտյան վեկտորի ապահովումն է: Բայց եւ քաղաքական ենթատեքստի մասին խոսելով`օգտագործեց ժողովրդական եզրույթ` ասաց. «Աֆղանստանը շառ է», Խորհրդային Միության եւ Մեծ Բրիտանիայի` աֆղանական տապալումների օրինակներով ամրապնդեց ասածը` առաջարկելով հաշվի առնել, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունի այդ ամենի նկատմամբ իսլամական աշխարհը, իսլամի գործոնը նկատի ունենալ.«Արդյո՞ք կարելի է դեմոկրատիա հաստատել այլ երկրում, այդ մոտեցումն ընդհանրապես քննարկելի՞ է, թե ոչ», հռետորական հարց տվեց պատգամավորը: Վտանգների մասին խոսելով` նշեց, թե Հայաստանը կարող է մասնակից դառնալ «Մեծ Մերձավոր Արեւելք» ամերիկյան ծրագրին (նավթային շահեր, քրդական պետություն Իրաքում): Մի խոսքով` քաղաքականությունը ճիշտ է, Հայաստանը բազմավեկտոր քաղաքականություն պետք է իրականացնի, բայց պետք է հաշվի առնել մարտահրավերները: Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը փաստեց, թե Հայաստանը մի շարք հակաահաբեկչական համաձայնագրերի է միացել, մեր անվտանգության հայեցակարգն էլ չի հակասում այս համաձայնագրերին` ՀՀ-ն պետք է միանա բոլոր տիպի միջազգային հակաահաբեկչական գործողություններին: Մի խոսքով այս համաձայնագրերը բխում են մեր երկրի պետական շահերից:
Ստեփան Սաֆարյանը , էլի կողմ լինելով գաղափարին, հարցրեց, թե այդ ի՞նչ ճանճ կծեց, որ 2001 թվականից սկսած մենք որոշեցինք միանալ այս տիպի գործողություններին` արդյո՞ք հետ չմնալու համար մեր հարեւաններից եւ ոչ թե սկզբունքային քաղաքականությունից. էլ թմրանյութերի տարանցիկ ճանապարհ, եւ այն, որ Օբաման իր երկրի համար առաջնահերթություն է սահմանել Աֆղանստանը` սա իրավիճակային քաղաքականություն անվանեց: Եվ իմիջիայոց հիշեցրեց, թե Աֆղանստանում Թուրքիայի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին Օբաման քննարկելու է Էրդողանի հետ: Վահան Հովհաննիսյանի հումորը տեղին էր` գնում ենք Աֆղանստանում ժողովրդավարություն հաստատելու. «Մեզ մոտ էնքան փայլուն է ժողովրդավարության վիճակը, էնքան ֆանտաստիկ լավ է ամեն ինչ, որ մենք հիմա Աֆղանստանում ենք գնում ժողովրդավարություն հաստատելու: Ինքնին սա ոգեւորիչ է, բայց ժողովրդավարության հաստատումը Աֆղանստանում աղետ է ընդհանրապես մարդկության համար: Էդ երկիրը նորմալ ապրում էր, կար 4 ընտանիք, որ ղեկավարում էին այդ երկիրը, հենց որ ազգամիջյան պառակտումների ցեցը փուշտուների, տաջիկների, ուզբեկների միջեւ նետվեց` իրավիճակը դարձավ անկառավարելի: Մենք գնում ենք աշխարհի հետ կառավարելի դարձնելու իրավիճակը, դա մեզ չի հաջողվի, ցավոք սրտի, մյուս կողմից էլ` գնալ պետք է», ասաց` հարցի ողջ հռետորաբանությունը կարծես այս խոսքում խտացնելով: Մի խոսքով` պետք է, բայց միեւնույնն է, պատգամավորներին խոսել է պետք, խոսում են: