«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ՍՊԻՏԱԿ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ

1988 թվականի երկրաշարժի 21-ամյա տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա հետ Լոռու մարզ էին ժամանել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, այլ նախարարներ, ԱԺ պատգամավորներ: Լոռու մարզի սահմանագծում նրանց դիմավորեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, այլ պաշտոնատար այրեր: Նրանք զոհերի հիշատակին մոմ վառեցին Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում, ապա ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին: Տեղում զրուցեցինք արհավիրքն իրենց աչքերով տեսած մարդկանց հետ: Այսօր էլ նրանցից յուրաքանչյուրը հոգու խոր ցավով է խոսում այդ աղետալի օրվա մասին: Սպիտակցի Անիչկա Խաչատրյանը պատմում է, որ այդ ժամանակ ինքը բնակվում էր Երեւանում, բայց լուրն իմանալուն պես շտապել է հարազատ քաղաք եւ սարսուռ ապրել իր տեսածից ու զգացածից:

- Կորցրել եմ շատ բարեկամների,- արցունքն աչքերին պատմում է նա:- Իմ սիրելի ծննդավայրից ոչինչ չէր մնացել: Այսօր հիացմունքով ենք նայում նոր կառուցվող քաղաքին, սակայն վիշտը երբեք չի ամոքվում:

Աղետից տուժած մարդիկ այսօր վերընձյուղվել են, նոր օջախ են հիմնել: Կորցրածի ցավը սփոփում է գիտակցությունը, որ վշտի մեջ նրանք մենակ չեն: Նրանք նաեւ զգում են պետական այրերի հոգատարությունը: Ինչպես նշում է քաղաքապետ Գ. Սահակյանը ՙ այս տարի աղետի գոտու վերականգնման նպատակով իրականացվում են բնակարանաշինության աշխատանքներ:

- Չնայած իրականացվող աշխատանքներին, դեռեւս շատ խնդիրներ կան,- ասաց նա:- Չեմ կարծում, որ Սպիտակում աղետի գոտի հասկացությունը շուտ կվերանա, որովհետեւ մեծ խնդիր ունենքՙ կապված աշխատատեղերի հետ: Մենք չունենք արդյունաբերական ձեռնարկություններ, պետք է ներգրավել գործարարներինՙ նոր ձեռնարկություններ բացելու համար: Կարծում եմՙ բնակարանների խնդիրը կլուծվի: Հանդիպումներ ենք ունեցել գործարարների հետ: Մեր կողմից կանենք հնարավորինը, որպեսզի նրանք ներդրումներ անեն Սպիտակում:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաեւ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Պաշտոնյաները ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4