«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2009-12-04 | #223, 2009-12-05 | #224, 2009-12-08


ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸՙ ԿԵՆՍԱԿԵՐՊ

22-ամյա Ավոյան Լիլիան իր ընկերներից, բարեկամներից, մի խոսքով`բոլոր ծանոթ-անծանոթներից հավաքում է շոր ու կոշիկ, ուտելիք, կենցաղային իրեր ու բաժանում սոցիալապես անապահով ընտանիքներին: Բարեգործություն անելը դարձել է նրա կենսակերպը:

«Ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ. մի օր իմ տան կողքի գրադարանի աշխատակիցն ինձ ասաց, որ օգնության համար գրադարան են դիմում սոցիալապես անապահով մարդիկ,- պատմում է Լիլիան,- գրադարանի աշխատողներն էլ դիմում էին ընթերցողներին` ով ինչով կարող է թող օգնի: Գնացի տուն, հավաքեցի արդեն ոչ պիտանի ու նաեւ պիտանի որոշ իրեր` հագուստ, գրենական պիտույքներ, խոհանոցի սպասք, ու տարա Շենգավիթ համայնքի համար 16 գրադարան»:

Բարեգործություն անելու գաղափարով ոգեւորված` Լիլիան սկսում է իր ծանոթներից հավաքել իրեր` պահածոներից մինչեւ վարագույր, ու պարբերաբար տանել գրադարան: Հետո որոշում է արդեն ինքնուրույն գտնել անապահով մարդկանց ու անձամբ այցելել նրանց, շփվել նրանց հետ:

- Չքավոր մարդկանց գտնելն ամենահեշտ գործն է, այնքան շատ են` ամեն քայլափոխի, որոշել եմ նրանց գտնել նաեւ Երեւանից դուրս, - ասում է նա,- այս տարի արդեն 2 անգամ օգնություն եմ տարել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ապրող մի ընտանիքի, որը կազմված է 15 հոգուց, միայն 11-ն անչափահաս երեխաներ են:

Ողջաբերդ Լիլիան գնացել է իր համակուրսեցիների հետ, ովքեր ակտիվորեն մասնակցում են նրա բարեգործական աշխատանքին, սակայն Լիլիան ոչ մեկից դրամ չի վերցնում. օգնությունը վերցնում ու փոխանցում է ոչ դրամական տեսքով: Նախապես բոլոր իրերը տուն է տանում, շորերը լվանում է, մաշված ու պատռված շորերը` կարում, կոշիկները` նորոգում, հետո նոր տալիս է նոր տերերին: Որքան էլ զարմանալի է, նա եւ իր համակուրսեցիները բոլոր այս ծախսերը հոգում են իրենց ուսանողական թոշակներով ու ծնողների տված դրամով: Նրանք սովորում են ԵՊՀ-ում, Ռոմանոգերմանական ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում, եւ ոչ մեկը դեռ չի աշխատում:

«Շատ անգամ օգնությունը վերցնելիս հենց մեր աչքի առաջ մարդիկ արտասվում են. ամաչում են մեզնից, իրենք իրենցից, բայց ես բացատրում եմ, որ ամաչել պետք չէ, քանի որ յուրաքանչյուր մարդ էլ մի օր կարող է լինել իրենց փոխարեն,- ասում է Լիլիան: -Ես մեծ բան չեմ անում, ընդամենը իմ հնարավորության սահմաններում օգնում եմ մարդկանց, առանց այս գործի ես ապրել չեմ կարող. սա ինձ տալիս է հոգեկան խաղաղություն»:

Վերջերս Լիլիան դիմել է սոցապ նախարարություն` այնտեղ գրանցված անապահով ընտանիքների ցուցակը ստանալու համար, բայց դեռ չի ստացել: Գոնե մի բանով ուզում է նրանց էլ օգնել: Եթե ընդամենը ուսանող լինելով Լիլիան ու իր ընկերներն այսքան բարի գործ են անում, ապա ինչքան մարդիկ կան, որ կարող են հազարապատիկ ավելին անել... գոնե իրենց հոգեկան խաղաղության համար:

Նրանք, ովքեր կուզենան գտնել Լիլիային եւ իր ընկերներին, կարող են գրել lavoyan@yandex.ru կամ զանգահարել 094200409:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4