Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադարձան Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ եւ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին: ՀՅԴ խմբակցության ղեկավար, Վահան Հովհաննիսյանը Թուրքայի Ազգային ժողովի փոխնախագահ Սադիկ Յաքութի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանն անդրադարձավ, թե չեն էլ կարող քննարկման դնել արձանագրությունների վավերացման հարցը, մինչեւ հայկական ուժերը չսկսեն հետ քաշվել Ղարաբաղից եւ շրջապատող տարածքներից: Ըստ նրա` մեր արտաքին հարաբերությունների գերատեսչությունը կարող է կրկին ասել, թե սա ներքին օգտագործման համար արված հայտարարություն է, բայց Էրդողանն ԱՄՆ-ում ամբողջությամբ հաստատել է այդ միտքը` ասելով դա ամերիկացիներին, որոնք բազմիցս մեր սրտերին փորձում էին մեռոն կաթեցնել, թե իբր ղարաբաղյան բանակցությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները փոխկապակցված չեն. «Նա հստակորեն ասել է, որ մինչեւ Ղարաբաղի հարցում Հայաստանը զիջումներ չանի Ադրբեջանին, ոչ մի հայ-թուրքական հարաբերություններ եւ ոչ մի բաց սահման չի լինելու: Այս ֆոնի վրա շատ դեմագոգիկ են հնչում նաեւ Էրդողանի հայտարարությունները, թե մենք չենք կարող ազդել Թուրքիայի Ազգային ժողովի վրա, որովհետեւ Ազգային ժողովն անկախ ատյան է եւ ինքը կորոշի, բայց դա ասում է այնտեղ մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ղեկավարը»: Ո՞րը կարող է լինել Հայաստանի համարժեք պատասխանն ըստ պատգամավորի. «Մենք ակնկալում եւ պահանջում ենք ՀՀ նախագահից, որն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցության ղեկավարն է, որ նա հայտարարի, թե Հայաստանի գործադիր իշխանությունները եւ ինքը` նախագահը, ոչ մի ձեւով չեն կարող ազդել Ազգային ժողովում (արձանագրությունների) քննարկման, քվեարկության եւ վավերացման վրա»:
Հայաստանի նախագահի առաջին օգնական Վիգեն Սարգսյանը մի միջազգային ֆորումի ժամանակ վերջերս հայտարարել է, որ Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները մինչեւ հունվարի վերջը: Ըստ Վ. Հովհաննիսյանիՙ այս հայտարարությամբ մեր իշխանությունները սկսում են ֆիքսել, թե ո՞րն է այդ խելամիտ ժամկետը. «Բայց չի ասվում ամենակարեւորը` եթե Թուրքիան դա չանի մինչեւ հունվարի վերջ, ապա ի՞նչ կանենք մենք: Եվ մենք ակնկալում ենք, որ դա հստակ բացատրվի մեր իշխանությունների կողմից»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Օբամա-Էրդողան հանդիպմանն անդրադառնալով` նկատեց, թե ակնհայտորեն մի քանի ռազմավարական խնդիրներում Թուրքիան բավարարել է ԱՄՆ-ի շահերը, իսկ դրա դիմաց ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել են մի շարք խնդիրներումՙ կարեւորելով այդ բոլոր խնդիրներում Թուրքիայի դերակատարությունը: Ըստ Սաֆարյանի` վատ նախանշան կարելի է համարել, որ պարոն Օբաման ասուլիսի ընթացքում լռության է մատնել Էրդողանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարեւոր են թուրք-հայկական հարաբերությունների համատեքստում, լռության է մատնվել նաեւ այն թուրքական նախապայմանը, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները (եւ նախ` ԱՄՆ-ը) ավելի մեծ խթան կտան կարգավորման գործընթացին, ինչը դրական ազդեցություն կունենա ամբողջ գործընթացի վրա: Սաֆարյանը հիշեցրեց, թե հայկական կազմակերպություններին նամակ- պատասխանում Օբաման հաստատել էր առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու իրենց դիրքորոշումը, այն դեպքում, երբ իր ներկայությամբ նախապայման առաջադրելու թուրքական բարձրաձայնումն այդպես էլ անպատասխան մնաց:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը թեեւ նորից հիշեցրեց, թե հայ-թուրքական հարաբերությունների խնդրում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է, սակայն նաեւ ավելացրեց. «Եվ մենք չենք հանդուրժի որեւէ նախապայման: Այս իմաստով ուշադրության է արժանի Թուրքիայի վարչապետ Էրդողանի` երեկ Վաշինգտոնում հնչեցրած հայտարարությունը, որտեղ նա հրապարակային ընդունել է, որ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում նախապայմաններ չկան: Ինչ վերաբերում է թուրքական քաղաքական վերնախավի ապակառուցողական որոշ դիրքորոշումների, ապա նշեմ, որ նմանատիպ հայտարարություններ արվել են թե՛ օգոստոսի 31-ից եւ թե՛ հոկտեմբերի 10-ի` արձանագրությունների ստորագրումից առաջ: Այստեղ չեմ կարող չհամաձայնել ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի այն մտքին, որ հարաբերությունների հիմքը ստորագրված փաստաթուղթն է, այլ ոչ թե հայտարարությունները: Եթե թուրքերը շատ են ուզում պատեհ-անպատեհ առիթներով հիշել Ղարաբաղը, ապա հիշեցնեմ նրանց արեւելյան հայտնի ասացվածքը` հաճախակի հալվա ասելով բերանը չի քաղցրանա»: Ի հեճուկս էլ ադրբեջանական կողմի ապակառուցողական եւ տխրահռչակ ելույթների հիշեցրեց, թե Աթենքում ԵԱՀԿ 5 պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում` Ադրբեջանի մասնակցությամբ ընդունվեց հայտարարություն, որտեղ նշվեց, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը պետք է լուծվի ուժի չկիրառմամբ, ժողովրդի իրավահավասարության եւ ինքնորոշման, ինչպես նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: ԼՂՀ-ն որեւէ կապ չի կարող ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, որովհետեւ ԼՂՀ-ն երբեք եւ ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ