«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆԱԿ Է, ԲԱՅՑ ԱՆՏԵՍՎԱԾ ՉԷ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Անկախ լեզվի պետական տեսչության ստուգումներից ու սահմանած տուգանքներից, Հայաստանում մայրենիի պահմանման խնդիրները բազմաթիվ են: Մայրաքաղաքի փողոցներում շարունակում են «փայլել» օտարագիր կամ օտարաշունչ ցուցանակները (մարզերում սա շատ ավելի ակնհայտ է), ապրանքների մեծ մասը չունի հայերեն մակնշումներ, իսկ որոշ ընկերություններում աշխատանքի ընդունման համար պահանջում են «ռեզյումե», այն էլ անգլերենով:

Ըստ լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանի , տեսչության 16 աշխատողները չեն կարող միայնակ պայքարել հայերենի անտեսման փաստերի դեմ, մանավանդ որ տեսչությունն ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա եւ, օրինակ, Վանաձորում ստուգումներ անցկացնելու համար օգտվում է հասարակական տրանսպորտից: Միրզոյանը նշեց, սակայն, որ վերջերս տեսչությունը ստացել է (ճիշտ է, օգտագործված) «Պեժո» մեքենաՙ ծառայողական կարիքների համար:

«Ուզում եմ շեշտել, մեր խնդիրն է, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի գիտակցի, որ լեզվի պահմանման խնդիրը միայն մեր տեսչության խնդիրը չէ. այն յուրաքանչյուր հայ մարդու խնդիրն է», նշեց Միրզոյանը:

Ներկայացնելով վերջին տարվա ընթացքում տեսչության ստացած ահազանգերըՙ բանախոսը նկատեց, որ Երեւանում հայտնվել են թուրքերեն, պարսկերեն ցուցանակներ, եւ չնայած լեզվի տեսչությունը կողմ է հայ-թուրքական մերձեցման գործընթացներին. «Դա չի նշանակում, որ Հայաստանի մայրաքաղաքում, օրինակ, տեքստիլ գործարանի վրա պետք է թուրքերեն պաստառ լինի», շեշտեց Միրզոյանը:

Տեսչությունը բազմաթիվ բողոքներ է ստացել եթերի, արտաքին գովազդի լեզուների վերաբերյալ: Ըստ Միրզոյանիՙ այսօր կան թերթեր, ամսագրեր, որոնք օտարազգի անուններ ունեն. «Նույնիսկ գրքեր են տպագրվումՙ ուղղագրական կոպիտ խախտումներով: Օրինակ, «Բնապահպանական նշանակության տերմինների բացատրական բառարան»-ում մեր տեսչությունը հայտնաբերել է 2200 ուղղագրական սխալ: Գրեթե յուրաքանչյուր էջում կան այդ սխալները, սա անթույլատրելի է, եւ այսպիսի օրինակները, ցավոք, շատ են: Ուզում եմ նշել նաեւ, որ, եթե գրաքննությունը Հայաստանում վերացել է, ապա դա չի նշանակում ամենաթողություն», նկատեց բանախոսը:

Միրզոյանն իր մտահոգությունը հայտնեց նաեւ այն փաստի առնչությամբ, որ Հայաստանում որոշ ուսումնական հաստատություններում հայոց լեզվից չեն հանձնում ընդունելության քննություններ, որպես օրինակ նշեց Ադոնցի բժշկական քոլեջը: «Շատ ընկերություններում, կազմակերպություններում, գործավարությունը կատարվում է ոչ հայերեն: Այսպես, Վանաձորի համար 1 հիվանդանոցում օգտագործվում է բացառապես ռուսերենը: Այս եւ նման այլ պարագաներում մեր տեսուչները կազմում են համապատասխան արձանագրություն եւ ներկայացնում վարչական դատարան: Վանաձորի հիվանդանոցի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության,- շարունակելովՙ Միրզոյանը նշեց,- ես ուզում եմ ընդգծել, որ չնայած մենք անտեսված չենք պետության կողմից, սակայն այս հսկայական դաշտում չենք կարող միայնակ պայքարել: Այո, մեր միջամտությամբ Երեւանում հանվել են թուրքերենով ցուցանակները, սակայն խնդիրները, միեւնույնն է, բազմաթիվ են:

Որպես պետության կողմից չանտեսված լինելու փաստարկներ բանախոսը նշեց, որ ԱԺ-ն եւ կառավարությունը քննարկել են լեզվի տեսչության առաջարկած բոլոր լրացումներն ու փոփոխություններըՙ վարչական իրավասության օրինագծում. «Եթե նախկինում մեր տեսուչներն իրավասու էին միայն խախտման մասին կազմել արձանագրություն եւ ուղարկել վարչական դատարան, ապա այժմ նրանց տրված է իրավունք հենց տեղում տուգանելու խախտողին: Եթե առաջ միեւնույն կազմակերպություն կամ ընկերություն թույլատրվում էր ստուգումների գնալ տարեկան միայն մեկ անգամ, ապա այժմ իրավիճակը փոխվել է», ասաց Միրզոյանըՙ նկատելով նաեւ, որ կառավարության այն որոշումը, ըստ որի արգելվում են տեսչական բոլոր ստուգումները մինչեւ 70 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բոլոր կազմակերպություններում, լեզվի տեսչությանը չի խոչընդոտում. «Քանի որ նման դեպքում մենք դիմում ենք նախ տեսչական նորաստեղծ խորհրդին, հետո, եթե խնդիրը չի լուծվում, նաեւ վարչապետին», նշեց Միրզոյանը:

Լեզվի տեսչության պետը ներկայացրեց նաեւ նոր (ավելացված) տուգանքների չափըՙ հայերենի օրենքի խախտման դեպքում: Այսպես, օրինակ, եթե ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը չի տարվում գրական հայերենով, ապա խախտող ֆիզիկական անձը ենթարկվում է տուգանքիՙ սկսած 150 հազար դրամից, իսկ իրավաբանական անձըՙ 250 հազար դրամից: Եթե կազմակերպությունն իր գործավարությունը կատարում է ոչ հայերենով, կամ առկա են ոչ հայերեն մակնշված ապրանքներ, գովազդ, կնիք եւ այլն, ապա խախտող ֆիզիկական անձը կտուգանվի 100-150 հազար դրամով, այնինչ նույն խախտման համար նախատեսված նախկին տուգանքի չափըՙ 50 հազար դրամ էր: «Համագումարներում, գիտաժողովներում այլ լեզուներով ելույթները զուգահեռաբար հայերեն չթարգմանելու դեպքում նախատեսվում էՙ առաջին անգամ նախազգուշացում, երկրորդ անգամ արդեն տուգանք», շեշտեց Միրզոյանըՙ տեղեկացնելով, որ տուգանքներ են սահմանված նաեւ առանց հայերեն թարգմանության, օտար լեզվով հաղորդումներ, գեղարվեստական ֆիլմեր ցուցադրելու համար, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 300-400-ապատիկը: «Անհրաժեշտ է մշակել եւ սահմանել մայրենի լեզվի իմացության չափորոշիչներ: Սա հատկապես կարեւորում եմ այն պատճառով, որ մեր շատ պետական գործիչներ, համայնքապետներ չգիտեն խոսել մաքուր հայերենով», շեշտեց լեզվի տեսչության պետը:

Վերջում Միրզոյանն իր դժգոհությունը հայտնեց տարբեր օբյեկտներում լեզվի տեսուչներին ցուցաբերած դիմավորումից. «Նրանցից շատերը մեր առջեւ իրենց դռներն են փակում, նույնիսկ անպատվում են մեզ», նշեց բանախոսը, որը, սակայն, եւս մեկ անգամ շեշտեց, որ լեզվի տեսչությունը պետության կողմից անտեսված չէ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4