«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


ԲԱՑՎԵՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ

Երեկ Երեւանում տեղի ունեցավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկրորդ մասնաշենքի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Մասնաշենքը վերանորոգվել է եւ հագեցվել անհրաժեշտ հակահրդեհային, հեռախոսակապի, անվտանգության առաջնակարգ համակարգերով Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի շրջանակում ԱՄՆ կառավարության ներդրած 1 մլն 275 հազար ԱՄՆ դոլարի շնորհիվ:

Ըստ Ա. Հովսեփյանի, Փորձաքննությունների ազգային բյուրոն, որն անկախ է որեւէ գերատեսչական ենթակայությունից, հետեւաբար` ճնշումներից, ներկայումս գտնվում է զարգացման փուլում:

«Այսօր արդեն կարելի է ասել, որ հիմնարկի գործունեությունը էապես նպաստում է քրեական եւ քաղաքացիական գործերով ապացույցների հավաքմանը, ի վերջո հանցագործությունների բացահայտմանն ու մեղավոր անձանց անհրաժեշտ քրեական պատասխանատվության ենթարկելուն», ասաց ՀՀ գլխավոր դատախազը: Նա ընդգծեց նաեւ, որ եթե տարիներ առաջ իրականացվում էին մի քանի տասնյակ փորձաքննություններ, ապա այս տարի կատարվում են մի քանի հազար փորձաքննություններ (24 տեսակի դատական փորձաքննություններ 26 փորձագիտական ուղղություններով):

Մ. Յովանովիչի խոսքերով, ազգային անվտանգությունը, հանրության ապահովությունը եւ ծաղկուն, բարգավաճ երկիրը կախված են օրինականությունից, օրենքի գերակայությունից եւ արդարացի վարչարարությունից արդարադատության ասպարեզում: Իսկ արդարադատությունը, ըստ նրա, չի կարող գոյություն ունենալ առանց իրեղեն ապացույցների: «Փորձաքննությունների ազգային բյուրոն Հայաստանի առաջատար հաստատություններից մեկն է, որտեղ իրականացվում են իրեղեն ապացույցների գնահատման անկողմնակալ փորձագիտական վերլուծություններ: «Ամեն մի փորձաքննությամբ բյուրոն նպաստում է օրինականության, օրենքի գերակայության հիմքերի կայացմանը, որը ժողովրդավարության կարեւոր գործոններից է», նշեց դեսպանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4