Տնտեսական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանի խոսքերով` Արաբական Էմիրություններում տեղի ունեցող գործընթացները (դեֆոլտ) Հայաստանի համար հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ ՄԱԷ-ն երկրի հիմնական առեւտրական գործընկերներից մեկն է:
Նրա խոսքերով` Dubai World պետական ընկերությունը խնդրում է վարկատուներին սառեցնել իր պարտքը մինչեւ 2010-ի մայիսի 30-ը. «Էմիրության ընդհանուր պարտքը կազմում է $80 մլրդ, ինչն ավելի մեծ է, քան երկրի ՀՆԱ-ն: Պարտքի $59 մլրդ-ը բաժին է ընկնում Dubai World պետական ներդրումային ընկերությանը: Ներդնողների համար սա իսկական շոկ էր: Ինչ-ինչ, բայց Պարսից ծոցի նավթով հարուստ երկրներից նրանք հաստատ խնդիրներ չէին սպասում»:
«Արաբական ճգնաժամի հիմնական պատճառը շքեղ, սակայն ֆինանսապես չհիմնավորված ներդրումային ծրագրերն են: Nakheel-ի պատրաստած Dubai Palm ձեռակերտ կղզիներում կառուցված շքեղ ու թանկարժեք անշարժ գույքի սեփականատերերը 75 երկրների քաղաքացիներ են, նրանց 25%-ը, ըստ Daily Mail-ի, բրիտանացիներ են», ասում է նա:
Այնուամենայնիվ, Ավագյանի խոսքերով, տվյալ երեւույթն անմիջականորեն չի ազդի Հայաստանի տնտեսության վրա եւ չի էլ կարող ազդել, քանի որ ՀՀ-ն Dubai World ընկերության ներդնող գործընկեր չէ: «Սակայն կա անուղղակի ազդեցության գործոն, քանի որ դիտվում է եվրոյի դիրքերի թուլացման եւ դոլարի ամրապնդման փաստը»:
Բացի այդ, նրա կարծիքով, չի բացառվում նաեւ ճգնաժամի երկրորդ ալիքը, որի հետեւանքներն իրենց ազդեցությունը կթողնեն Հայաստանի տնտեսության վրա, մասնավորապես անշարժ գույքի ոլորտում: Ավագյանի խոսքերով, «Դուբայի սինդրոմը» պետք է լուծվի լոկալ մակարդակով, ինչը թույլ կտա խուսափել ճգնաժամի նոր ալիքներից:
Ն. Մ.