Մինչեւ 17 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հայ պատանիների մրցակիցներից մեկը կրկին Թուրքիայի պատանեկան հավաքականն է: Վիճակահանությամբ մեր հավաքականն ընդգրկվել է ընտրական 7-րդ խմբում: Բացի թուրքերից, հայ պատանիները կմրցեն նաեւ Չեխիայի եւ Իսլանդիայի հավաքականների հետ: Ընտրական փուլի հանդիպումները տեղի կունենան 2010-ի սեպտեմբերի 22-27-ը Իսլանդիայում:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականն ընդգրկվել է ընտրական 11-րդ խմբում, որտեղ մրցավեճի է բռնվելու Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի ընտրանիների հետ: Մրցաշարը կկայանա Լիտվայումՙ 2010-ի հոկտեմբերի 19-24-ը:
Վերջին շրջանում Հայաստանի հավաքականները հաճախակի են թուրքերի հետ հայտնվում ընտրական միեւնույն խմբում: Ընտրական նախորդ մրցաշարում մրցակիցներ էին երկու երկրների ազգային, երիտասարդական եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները: Զարմանալի չի լինի, եթե փետրվարի 7-ին կայանալիք 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ էլ Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականները հայտնվեն միեւնույն խմբում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ