ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դաշնության խորհրդին առաջարկել է «Ռուսաստանի շահերի պաշտպանության նպատակով» իրեն տալ արտերկրում զինված ուժերի օպերատիվ օգտագործման ինքնուրույն որոշում ընդունելու իրավունք: «Կոմերսանտ» թերթի տեղեկությունների համաձայն, Դաշնության խորհուրդը պատրաստ է նախագահին նման իրավունք տալ արդեն առաջիկա նիստումՙ դեկտեմբերի 16-ին: Մինչդեռ փորձագետները նախազգուշացնում են, որ թույլտվությունը կհակասի ՌԴ սահմանադրությանը:
Սահմանադրության 102-րդ հոդվածում եւ «Պաշտպանության մասին» դաշնային օրենքում ասվում է, որ նման որոշումներն ընդունում է Դաշնության խորհուրդը: Իսկ Կրեմլում վկայակոչում են արտակարգ դեպքերում օպերատիվորեն արտերկիր զորք ուղարկելու անհրաժեշտությունը:
Ներկայումս նախագահը ստիպված է ամեն անգամ Դաշնության խորհրդին դիմել, երբ հարկ է լինում զորաբաժին ուղարկել Ռուսաստանից դուրս: Եթե խորհուրդը դեկտեմբերի 16-ին ընդունի Մեդվեդեւի առաջարկությունը, ապա ընդումանը հաջորդող երկու օրվա ընթացքում որոշումը կուղարկվի նրան:
Ի դեպ, Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը համաձայն է, որ ՌԴ նախագահը պետք է ունենա ռուսական զորքի մասնակցությունը պահանջող իրավիճակներին օպերատիվորեն արձագանքելու իրավունք: