Դեկտեմբերի 9 կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է, Երեւանում ԱՄՆ ՄԶԳ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ գլխավոր դատախազության համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց համաժողով: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը , որն իր խոսքում ընդգծեց կառավարության լուրջ պատրաստակամությունը եւ ջանքերը, որոնք ուղղվում են երկրում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարին: Վարչապետը նկատեց, որ մեր հասարակությունը որոշակի հանդուրժողականություն է ցուցաբերում նման երեւույթների հանդեպ, ինչը եւս պետք է փոխվի համատեղ ջանքերով:
«Կառավարման համակարգում ընթացող աշխատանքները գուցե այսօր տեսանելի չեն հասարակությանը, բայց դրանց արդյունքում երեք տարի անց կունենանք որակապես նոր կառավարման համակարգ», ասում է Տիգրան Սարգսյանը: Նա խոսեց նաեւ ֆինանսական մեխանիզմների բարեփոխման մասին` որպես թիրախ առանձնացնելով առողջապահության եւ կրթության ոլորտները:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրվում է առաջընթաց. դրա մասին է վկայում կոռուպցիոն երեւույթների փաստերով հարուցված քրեական գործերի քանակի աճը: Նրա տեղեկացմամբ` եթե 2007-ին հարուցվել է 69 նման դեպք, ապա 2008-ին մի քանի անգամ ավելի` 390: Այս տարվա առաջին 9 ամիսներին կոռուպցիոն երեւույթների փաստերով հարուցված քրեական գործերի քանակը կազմել է 307: Ա. Հովսեփյանը բացահայտված դեպքերի թվի ավելացումը բացատրում է ոչ միայն իրավապահ մարմինների ցուցաբերած ջանքերով, այլեւ տարբեր հասարակական կազմակերպությունների եւ շահագրգիռ կառույցների հետ ակտիվ համագործակցությամբ: Ա. Հովսեփյանն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար պետական մարմինները հասարակության աջակցության կարիքն ունեն, ինչի համար մեծապես կարեւորվում է բնակչության մեջ իրավապահ մարմինների հանդեպ վստահության ձեւավորումը. «Պետք է լինի մեր խոսքի եւ գործի ընդհանրություն»:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի ժամանակավոր հավատարմատար Մարիա Դոցենկոյի համոզմամբ` կոռուպցիան լուրջ հանցագործություն է, որը խիստ բացասաբար է անդրադառնում հանրային կյանքի բոլոր սեկտորների վրա: «ՄԱԿ-ը ողջունում է ՀՀ կառավարության պատրաստակամությունը` պայքարելու կոռուպցիայի դեմ եւ պատրաստակամ է աջակցելու այդ աշխատանքներում», ասաց նա: Մ. Դոցենկոն կարեւորեց նաեւ կառավարության ընդունած ռազմավարության կյանքի կոչմանը մեծ ուշադրություն դարձնելը, որպեսզի այն չմնա լոկ որպես փաստաթուղթ: Եվրոհանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերի խոսքով` ԵՄ-ն նույնպես աջակցում է Հայաստանին ընդհանուր այս չարիքի դեմ պայքարում: «Ոգեւորված եմ վարչապետի եւ գլխավոր դատախազի խոսքերից, քանի որ նրանց ներկայացրած մոտեցումները շատ ընդհանրություններ ունեն մեր մոտեցումների հետ», ընդգծեց նա:
Ն. Մ.