«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2009-12-08 | #225, 2009-12-09 | #226, 2009-12-10


Ո՞ՒՄ ՇԱՀԵՐԻՆ ԵՆ ԲԱԽՎՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՆՈՐ ՑԱՆՑԵՐԸ

Եվ ե՞րբ է լուծվելու անլուծելի թվացող տրանսպորտային սպասարկման հարցը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանում հասարակական տրանսպորտի ողբալի վիճակի մասին այնքան է խոսվել, որ թվում է, թե այլեւս անիմաստ է դրան անդրադառնալը: Սակայն տրանսպորտային սպասարկումը ոչ միայն չի բարելավվում, այլեւ ընդհակառակը, հատկապես ձմռան սկսվելուն պես, ավելի է վատթարանում: Եթե մինչ ժամային փոփոխությունը երթուղիներում միկրոավտոբուսների եւ ավտոբուսների կարելի էր հանդիպել մինչեւ երեկոյան ժամը 20-21-ը, ապա հիմա, երբ օրերն ավելի շուտ են մթնում, ժամը 19-ից հետո միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն անհետանում են եւ Երեւանի փողոցներն առավելապես զբաղեցնում են տաքսիները:

Չնայած Երեւանի քաղաքապետարանն ունի կազմակերպությունՙ «Երեւանտրանսը», որը պետք է զբաղվի երթուղիների կանոնակարգմամբ, բայց ոչ մի տեղ դա չի երեւում: Յուրաքանչյուր վարորդ ինքնակամ որոշում է, թե ժամը քանիսից հետո պետք է վերջին «ռեյսն անի» ու տուն գնա: Դա կարող է լինել ժամը 18-ին, 19-ին կամ 20-ինՙ կախված ոչ թե «Երեւանտրանսի» սահմանած չվերթերի պարբերականությունից կամ աշխատանքի տեւողությունից, այլ նրանից, թե որքանով են կարողացել վարորդներն ապահովել երթուղին շահագործողի կամ, ինչպես իրենք են ասում, «գծի տիրոջ» վճարը եւ որքանով են ապահովել այդ օրվա իրենց հասանելիք գումարը: Իսկ թե քանի՞ մարդ կմնա փողոցում, թքած ունեն ե՛ւ վարորդները, ե՛ւ երթուղին շահագործող կազմակերպությունների սեփականատերերը, ե՛ւ «Երեւանտրանսը», ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը:

Եթե մի քանի տարի առաջ մեզ հավաստիացնում էին, որ ավտոբուսների ավելացման հետ կբարելավվի տրանսպորտային սպասարկումը, ապա այժմ, երբ ավտոբուսների թիվը մի քանի հարյուր է, դարձյալ դա տեղի չի ունենում: Իհարկե, բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հարկ է կարգավորել նորմալ տրանսպորտային սպասարկում իրականացնելու համար, բայց դրանք միայն ածանցյալ են:

Հիմնական եւ թերեւս ամենադժվար խնդիրն առնչվում է ավտոբուսների կամ միկրոավտոբուսների երթուղիները որոշելիս ուղեւորահոսքը հաշվի առնելուն: Իշխող կուսակցության եւ իշխանության վերին օղակներում գտնվող երթուղայինների գծերի տերերի առկայությունը գոնե հիմա այդ խնդրի լուծման հնարավորությունը չի տալիս: Այդ իրավիճակում անհեթեթ է հնչում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ներկայացուցչի վերջերս արած այն արտահայտությունը, թե երեւանցիները նախընտրում են խցկվել գերբեռնված միկրոավտոբուսներ, քան երթեւեկել կիսադատարկ տրոլեյբուսներով: Վերոհիշյալ պաշտոնյան չգիտի՞, որ տրոլեյբուսային երթուղիները պարզապես անհամեմատելի են անգամ ամենանվազ շահավետ միկրոավտոբուսային երթուղիների հետ, չունենալով պահանջարկ եւ հետեւաբար մեծ ուղեւորահոսք: Ի դեպ, նույնկերպ եւ նույն պատճառով կիսադատարկ են երթեւեկում նաեւ որոշ ավտոբուսային երթուղիներ:

Վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ միջազգային եւ տեղական տարբեր կազմակերպություններին կառավարությունն ու Երեւանի քաղաքապետարանը պատվիրում են նոր երթուղային ցանց կազմել, որը, հաշվի առնելով ուղեւորահոսքը, կսահամանի տրանսպորտային սպասարկման առավել արդյունավետ սխեմա: Այդ մասին նախապես հայտարարվում է, մեծ խոստումներ են տրվում, իսկ հետո մոռացվում: Եվ ոչ մի անգամ, ոչ մի պաշտոնյաՙ լինի Երեւանի քաղաքապետ, թե տրանսպորտի վարչության պետ, երբեք չի ասում, թե ի՞նչ եղավ նախորդ անգամ պատվիրված երթուղային ցանցի ճակատագիրը, ինչո՞ւ կյանքի չկոչվեց, փոխարենը ճոռոմաբանելով, թե նոր, հերթական երթուղային ցանցը կլինի ամենա-ամենան:

Երեւանի երթուղային ցանց կազմելու պատվեր տրվել է նաեւ Համաշխարհային բանկին, որի դիմաց առնվազն մի քանի հարյուր հազար դոլարի պետական միջոցներ են հատկացվել: Ցանցը կազմվել է, բայց դարձյալ նետվել աղբարկղը կամ փոշոտվում է ինչ-որ դարակում: Պատճառը նույնն է, ինչի մասին արդեն ասացինքՙ հերթական, նոր երթուղային ցանցը եւս ոչ մի կերպ չի տեղավորվում այս կամ այն քաղաքապետի, պատգամավորի, նախարարի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյայի «երթուղային» շահերի մեջ: Թվում է, թե անլուծելի խնդիր է ստեղծվել: Սակայն իշխանությունները եւ հատկապես երկրի նախագահն ու վարչապետը պետք է հասկանան, որ բնակչության դժգոհությունը հասարակական տրանսպորտից անմիջականորեն իրենց է ուղղվում, եւ քաղաքական կամք ցուցաբերեն այդ խնդրի լուծման համար: Չենք ասում, թե նրանք սկսեն զանգվածաբար երթուղիներ խլել կամ վերաբաժանել, բայց առաջնայինը պետք է համարեն բնակչության արդյունավետ տրանսպորտային սպասարկումը, ոչ թե այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի տնտեսական շահը: Իսկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ պետք է հասկանա, որ եթե նրանք ընտրել ենք Երեւանի քաղաքապետՙ թույլ չտալու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի ռեւանշը կամ հերթական արկածախնդրությունը, դա չի նշանակում, որ այլեւս ազատ է երեւանցիների խնդիրները լուծելու պարտավորությունից, որոնցից տրանսպորտինը առաջնայիններից է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4