Կալիֆոռնիայի Հայ գրողների միության (ԿՀԳՄ) գրական հանդիպումը, Գլենդեյլի Հանրային գրադարանի հովանավորությամբ կայացավ գրադարանի սրահում հինգշաբթի, 2009 դեկտեմբերի 3-ին: Երեկոն նվիրված էր ժամանակի «Փարոս» շաբաթաթերթի հիմնադիր, տեր եւ տնօրեն, հրապարակագիր Սուրեն Բուրսալյանի հիշատակին, նրա ծննդյան ութսունամյակին, «Հոդվածների ժողովածու» հատորի հրատարակության շնորհանդեսին:
Արձակագիր Կիմա Կիրակոսյանը ներածական խոսքով բացեց երեկոն: «Փարոս» շաբաթաթերթի նախկին վարչական Հակոբ Թալմակյանը ընթերցում է Երեւանի «Եթեր» շաբաթաթերթում լույս տեսած Վարսիկ Հակոբյանի հոդվածը Ս. Բուրսալյանի հայաստանյան գործունեության մասին: Պրոֆեսոր Օշին Քեշիշյանը ներկայացնում է Ս. Բուրսալյան մարդուն, պատմում է հուշեր: «Սփյուռք» երաժշտական լարային քառյակը հնչեցնում է մեղեդիներ Կոմիտասից, Արամ Խաչատրյանից, Առնո Բաբաջանյանից: Բանաստեղծ Գեւորգ Քրիստինյանը արժեւորում է Ս. Բուրսալյան խմբագրին, հրապարակագրին, նրա հոդվածների ժողովածուն: Ս. Բուրսալյանի դուստրըՙ Էլիզաբեթ Ադամսը կարդում է հոր «Եթե կյանքս նորից ապրեի» գրվածքը: Կ. Կիրակոսյանը եւ բանաստեղծ Գարուշ Հարյանցը գեղարվեստական ձեւակերպմամբ ընթերցում են Ս. Բուրսալյանի «Կայացած, չկայացած հարցազրույց Վիլյամ Սարոյանի հետ»: Տեղի է ունենում գրքի գինեձոնի արարողությունը, թրջվում են խոսուն էջերը: Երեկոյի ավարտին շնորհակալության սրտազգաց խոսք է ասում Ս. Բուրսալյանի այրինՙ Սուզի Բուրսալյանը: Խուռներամ ներկաները հյուրասիրվում են:
ԿՀԳՄ