Հիմնադրամը հեռուստամարաթոնի արդյունքներից գոհ է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնի վերաբերյալ հանրության եւ ԶԼՄ-ների հետաքրքրությունն այս տարի չափազանց մեծ էր: Դա խոստովանում է նաեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ` փաստելով, որ վերջին 6 տարվա ընթացքում նմանատիպ հետաքրքրություն չի նկատվել: Կարծում ենք, այդ հետաքրքրությունն արդարացված է` հաշվի առնելով արտաքին ու ներքին խնդիրները, հայ-թուրքական արձանագրություններն ու սփյուռքի դժգոհությունները: Թեպետ Արա Վարդանյանը նշում է, որ այս տարվա հեռուստամարաթոնի գումարի չափը որեւէ կապ չունի հայ-թուրքական արձանագրությունների ու ներքաղաքական խնդիրների հետ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ սփյուռքը դժգոհ է, ինչը դրսեւորվել է թվերով:
Հիմնադրամի տրամադրած խոշոր նվիրատուների ցուցակում հիմնականում ներառված են Ռուսաստանում բնակվող հայ գործարարները` 33-ից 24-ը, երկուսը` ԱՄՆ-ից, երեքն էլ` Հայաստանից: Ի դեպ, Հայաստանից գործարարների շրջանում ամենամեծ նվրատվությունը կազմել է 200.000 դոլար: Նվիրատուն Սամվել Ալեքսանյանն է: Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա ոչ մի պաշտոնյա, որ չի մասնակցել դրամահավաքին` ո՛չ Հայաստանում, ո՛չ ԼՂՀ-ում: Դրամահավաքին մասնակցել է նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը` նվիրաբերելով իր այդ ամսվա աշխատավարձը, որդին` Սեդրակ Քոչարյանը, փոխանցել է 1 մլն դրամ:
Նախագահի աշխատակազմից էլ ստացել են 8.100 դոլար: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի մասնակցությանը, Արա Վարդանյանն ասաց. «Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել հեռուստամարաթոնին»: Դրամահավաքին չի մասնակցել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Սակայն, ինչպես հայտարարեց Արա Վարդանյանը, իրենց համար կարեւորը ոչ թե գումարի չափն է, այլ մասնակցությունը: Այդ առումով հեռուստամարաթոնը գերազանցեց նախորդ տարիների ցուցանիշը: Ֆրանսիայում կայացած հեռախոսամարաթոնին մասնակցել է 12.400 ընտանիք, ինչը 10%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
ԱՄՆ-ում գրանցվել է նվիրատուների 18% աճ: Խոսակցություններին, որ մասնակցության աճն ավելացել է, գումարը` նվազել, Արա Վարդանյանն արձագանքեց. «Անցյալ տարի, երբ գումարը շատ էր, ասում էին` շատ է, ու ասում էին, թե ինչո՞ւ է հիմնադրամը հույսը դրել միայն ռուսաստանաբնակ հայ բիզնեսմենների վրա: Այս տարի սփյուռքի մասնակցությունը գրեթե երկու անգամ ավելացել է, բայց ասում են` քիչ է: Այդ առումով մոտեցումներն անհասկանալի են: Բոլոր այն մարդիկ, ովքեր անցյալ տարի մասնակցել են մարաթոնին այս տարի էլ են գումարներ նվիրաբերել: Սամվել Կարապետյանը, որ անցյալ տարի 15 մլն դոլարի խոստում էր տվել, այս տարի նվիրաբերել է 1 մլն դոլար: Ստեփանյան Գենադին անցյալ տարի 1 մլն դոլար էր խոստացել, իսկ այս տարի հիմնադրամի հաշվին փոխանցել է 100.000 դոլար: Այս մարդկանցից պահանջել, որ ամեն տարի նվիրաբերեն 15 մլն դոլար` անհեթեթություն է, դրա մեջ պետք չէ ման գալ հետին տեքստ: Մեզ համար կարեւոր չէ գումարի չափը, մեզ համար կարեւորը մասնակցությունն է»:
Խոշոր նվիրատուների ցանկում են նաեւ հիմնադրամին ուղարկված երկու կտակները` Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից: «Ֆրանսիայից ստացած 2.250.000 դոլարի կտակը կտրամադրվի Մուրացանի դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Մեծ Բրիտանիայից ուղարկված 1 մլն դոլարով կվերանորոգվի Կապանի մանկական հիվանդանոցը»:
Մարաթոնի գումարի հսկայական հատվածն ուղղվելու է Շուշիի բարեկարգման ծրագրերին: Առաջնահերթ իրականացվելու է խմելու ջրի ներքին ցանցի ամբողջական վերակառուցման ծրագիրը, վերանորոգվելու է Աբովյանի անվան դպրոցը: Կբարեկարգվեն մի քանի շենքերի տանիքներ, մշակույթի տունը, գրադարանը:
Արա Վարդանյանը նկատում է, որ նվիրահավաքը դեռ շարունակվում է: Երեկ հիմնադրամը տեղեկացել է, որ Արգենտինայի հայ համայնքը ցանկություն է հայտնել շտապ օգնության 3 մեքենա գնել Շուշիի հիվանդանոցի համար: «Հինգ օրից Արգենտինայից Հայաստան կգա մի զույգ, որ ցանկություն է հայտնել Տավուշի մարզում 250.000 դոլարի ծրագիր իրականացնել: Գումարը մարաթոնի ընթացքում չէր հայտարարվել, բայց 5 օրից նրանք կգան ու ծրագիրը կիրականա»:
«Ազգ»-ի հարցին ի պատասխան Վարդանյանն ասաց, որ այս տարվա հեռուստամարաթոնի ծախսը կազմել է 870.000 դոլար: Գումարը մարաթոնի թվի մեջ ներառված չէ, այն հոգում են հովանավորները:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԱՆ