«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2009-12-08 | #225, 2009-12-09 | #226, 2009-12-10


ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳԸ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին իսպանական Կալոնժե ծովափնյա քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցում առաջին անգամ պաշտոնապես մատուցվեց պատարագ: Պատարագիչն էր Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Պատարագի վերջում հոգեհանգստյան պաշտոն կատարվեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին եւ վեհահոր մահվան քառասունքի կապակցությամբ:

Կալոնժեի Սուրբ Գեւորգ եկեղեցում էին հավաքվել ոչ միայն տեղի, այլեւ Բարսելոնից եկած բազմաթիվ հայ ընտանիքներ, ՀԲԸՄ Եվրոպայի պատվիրակությունը: Սա իրոք պատմական երեւույթ էր իսպանահայության համար, քանի որ իսպանահայ գործարար Գասպար Պետրոսյանի ջանքերով բացված հայկական եկեղեցում առաջին անգամ մատուցվում էր հայկական պատարագ, որին մասնակցում էր նաեւ հայրապետական պատվիրակի Իսպանիայի եւ Պորտուգալիայի ընդհանուր փոխանորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը :

Հայտնի է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել է իսպանահայ գաղութի թվաքանակըՙ ի հաշիվ եվրոպական տարբեր երկրներից այստեղ տեղափոխված հայաստանցիների, որոնց թիվը հասնում է 50 հազարի:

Իսկ նախօրեին, դեկտեմբերի 5-ին Բարսելոնում տեղի ունեցավ Իսպանիայի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի հանդիպումը, որը վարեց Հայ առաքելական եկեղեցու Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Հանդիպմանը ներկա էին Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը, ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովճյանը, վարչության անդամներ Աստղիկ Ալեքսանյանը, Սոնյա Ադամյանը, Միշել Սաբաղը, ինչպես նաեւ եկեղեցական խորհրդի անդամներՙ Իսպանիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանը, ԱԿԱԲ կազմակերպության ներկայացուցիչներ Գոռ Աբգարյանն ու Սեւադա Սահակյանը, գործարարներ Դավիթ Համբարձումյանը եւ Էդվարդ Հովհաննիսյանը:

Հայր Սասունը նախ ներկայացրեց Իսպանիայում գտնվելու չորս ամիսներին կատարած աշխատանքը: Այդ ընթացքում հոգեշնորհ հայրը եղել է Բարսելոն, Վալենսիա, Ալիկանտե եւ Մադրիդ քաղաքներում, ծանոթացել տեղի հայ համայնքներին, մատուցել պատարագ: Նա հույս հայտնեց, որ հայ համայնքը կկազմակերպվի եւ կաջակցի, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու սպասավորը լիարժեք գործունեություն ծավալի Իսպանիայի ողջ տարածքում, եւ այդպիսով չի ձախողվի Իսպանիայի թեմի ստեղծման գործընթացը:

ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովճյանն իր խոսքում կարեւորեց եկեղեցական կյանքի կազմակերպումը:

Վերջինս ընդգծեց, որ ՀԲԸՄ-ի համար միշտ էլ Հայ եկեղեցու հզորությունը թե՛ սփյուռքում, եւ թե՛ հայրենիքում կարեւոր է եղել: Այս հարցում ՀԲԸՄ-ն միշտ պատրաստ է համագործակցության:

Ժողովը նախագահող հայրապետական պատվիրակ Նորվան սրբազանն էլ կարեւորեց Իսպանիայի հողի վրա հոգեւոր հայրենիքի կերտումը, որին կնպաստի հոգեւոր -մշակութային կյանքի զարգացումը: Այս ճանապարհին կարեւոր քայլ կլինի ծխական վարչությունների ստեղծումը: Հայտնի է, որ Հայ եկեղեցին 2003-ին գրանցվել է Իսպանիայում, եւ այժմ նոր եկեղեցական խորհրդի ձեւավորումից հետո միայն հնարավոր կլինի փոփոխություններ մտցնել եկեղեցու կանոնադրության մեջ:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Իսպանիայում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Գասպար Պետրոսյանը , որը մեծ թերություն համարեց եկեղեցու գործունեության մասին տեղեկատվության բացակայությունը եւ առաջարկեց ակտիվացնել աշխատանքները եկեղեցական կյանքի կազմակերպման ուղղությամբ:

Ժողովում որոշվեց առաջադրված հարցերի արագ լուծումներ գտնել եւ աշխուժացնել ազգային եկեղեցական կյանքը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա-Բարսելոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4