«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2009-12-08 | #225, 2009-12-09 | #226, 2009-12-10


ՍԵՎԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ

Շախմատի Բրազիլիայի 76-րդ առաջնությունում գերազանց է հանդես գալիս հայազգի միջազգային վարպետ Սեւակ Մխիթարյանը: 8 տուրից հետո նա 6,5 միավորով միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Առաջնությանը մասնակցում են 12 շախմատիստներ, որոնցից 5-ը գրոսմայստերներ են, 3-ըՙ միջազգային, 3-ըՙ ՖԻԴԵ վարպետներ են: Սեւակ Մխիթարյանն իր վարկանիշով (2467) մասնակիցների մեջ 7-րդն է: Ամենաբարձր վարկանիշն ունի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերը (2653), որին հաջորդում են գրոսմայստերներ Ջովանի Վեսկովին (2648), Ռաֆայել Լայթաոն (2621) եւ Ժիլբերտո Միլոշը (2603):

Վիճակահանությամբ Սեւակ Մխիթարյանին բաժին է ընկել 2-րդ համարը: Նա անհաջող սկսեց մրցաշարըՙ մեկնարկային տուրում սպիտակներով զիջելով գրոսմայստեր Անդրե Դիամանտին: Անհաջող մեկնարկը չընկճեց Սեւակին, որը հաջորդ տուրերում վերելքով հանդես եկավ եւ 3 անընդմեջ հաղթանակ տոնեց գրոսմայստեր Ռաֆայել Լեյթանի, ՖԻԴԵ-ի վարպետներ Ալբերտո Բարետոյի եւ Մոուրա Սանտյագոյի նկատմամբ: 5-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Ժիլբերտո Միլոշի հետ, Մխիթարյանը կրկին 3 անընդմեջ հաղթանակ տարավՙ պարտության մատնելով Ժորժ Բիտենկուրտին, Բրիտո Մոլինային եւ Էվերալդո Մատսուրային: 9-րդ տուրում Սեւակը սեւերով կխաղա Ջովանի Վեսկովիի հետ: Վերջինս 6 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում Ժիլբերտո Միլոշի հետ: Հաղթանակի դեպքում Սեւակը լուրջ հայտ կներկայացնի Բրազիլիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4