Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության հանդիպումները բացահայտեցին, որ «Հատիսը» պահեստայինների կարճ նստարան ունի, ինչը չի կարող բացասաբար չազդել թիմի մրցելույթների վրա: Դրա վառ ապացույցը հունական «Աթինաիկոսի» հետ երեւանյան հանդիպումն էր, որը շատ հաջող սկսելով եւ զգալի առավելության հասնելով առաջին խաղափուլում, «Հատիսն» ի վերջո զիջեց դիրքերն ու պարտվեց: Այդ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում թիմի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանը նշել էր, որ եթե հաջողվի մտնել հաջորդ փուլ, ապա եւս մեկ բասկետբոլիստուհու կհրավիրեն:
Սակայն համալրումն ավելի շուտ կատարվեց, ինչը ժամանակին էր: Այսօր Երեւան կժամանի բոսնիացի փորձառու բասկետբոլիստուհի Նուրա Իմամովիչը: 197 սմ հասակ ունեցող մարզուհին կնախապատրաստվի դեկտեմբերի 17-ին Երեւանում կայանալիք «Հատիս»-«Բեշիքթաշ» հանդիպմանը: 35-ամյա Իմամովիչը հանդես է եկել մի շարք թիմերում եւ Բոսնիայի ազգային հավաքականում: Ժամանակին նա խաղացել է բոսնիական «Եդինստվո Տուզլա», «Ժելեզնիչար» եւ «Սելիկ» թիմերում, հունգարական «Ցեկսզարդ» եւ «Շոպրոն» ակումբներում, թուրքական «Արի Կոլեջիում» ու «Բեշիքթաշում», ռումինական «Կլուժում», իսպանական «Սանտա Էուլալիայում եւ Չեռնոգորիայի «Հերցեգ Նովիում»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ