Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելու Թուրքիայի փորձերը սկզբից եւեթ ձախողման են դատապարտված: «Նովոստի Արմենիա» գործակալության տեղեկացմամբ, երեկ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` լատվիացի իր գործընկեր Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այն, որ Հայաստան էր ժամանել Լատվիայի նախագահն ու Հայաստանի նախագահի հետ համատեղ ասուլիս էր տալիս, դժվար թե մեծ հետաքրքրություն ներկայացներ հայ-լատվիական հարաբերությունների պուճուրիկության պատճառով: Բայց հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում թերեւս Սերժ Սարգսյանի խոսքերը ուղերձ են, հստակ հաղորդագրություն, որ հարկ է ներկայացնել նաեւ «Ազգի» ընթերցողին:
Ըստ այդմ, երեկ նախագահ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը պատրաստ է ինչպես հարկն է կատարել իր միջազգային պարտավորությունները եւ վավերացնել ստորագրված արձանագրությունները: «Նույնը մենք ակնկալում ենք Թուրքիայից, բայց եթե Թուրքիան սկսի ձգձգել արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքներից բխող հնարավորություններից», ասել է նախագահը:
Սարգսյանն ընդգծել է, որ ինքն արդեն Հայաստանի համապատասխան պետմարմիններին ուղղումներ պատրաստելու ցուցումներ տվել է օրենսդրության այն մասով, որը վերաբերում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանն ու անվավեր ճանաչմանը: «Հայտարարում եմ, որ որքան շատ ձգվի գործընթացը, այնքան ավելի շատ խոչընդոտներ կծագեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին», ասել է Սարգսյանը:
Հայաստանի նախագահի խոսքերով, Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելու Թուրքիայի փորձերը սկզբից եւեթ ձախողման են դատապարտված:
Ա. Հ.