«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


«ԼԵՎՈՆ-ՆԱԽԱԳԱՀԸ»ՙ ՄԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌՋԵՎ

Այսպիսի մի անգլիական անեկդոտ կա. «Ջենտլմենն ու որդին զրուցում են: Որդին հարցնում է` հայրիկ ինչո՞ւ ես ծխում, չէ՞ որ դա վնասակար է առողջությանը: Հայրը պատասխանում է. «Եթե դու կարող ես ինձ ասել ծխելու պատճառով առաջացող 100 հիվանդություններ, ես էլ կարող եմ ասել ծխելու պատճառով չառաջացող 100 հիվանդություններ»:

Դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած երթի մասին էլ կարելի է ասել. եթե դուք կարող եք ցույց տալ 1000 մարդու, որոնք մասնակցում էին երթին, մենք էլ կարող ենք ցույց տալ 1000 մարդու, որոնք չէին մասնակցում, եւ չէին էլ ուզում մասնակցել: Անշուշտ, սա բնական է. յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում ընդդիմությունը կարող է եւ պետք է ունենա իր «1000 հոգին», բայց անիմաստ է հենց նույն ընդդիմության կողմից, խոսել այն մարդկանց անունից, որոնք «հակառակ 1000-ի մեջ են»: Ավելին, ՀԱԿ-ի երթի մասնակիցներից շատերը բոողոքում էին ոչ թե իրենց խախտված իրավունքներից, այլ վանկարկում էին եւ ցուցադրում էին պետության ամենաբարձր պաշտոնյաներին անձնական վիրավորանքներ: Դժվար թե սա է ժողովրդավարությունը, համենայն դեպս ժողովրդավարական երկրներում:

Հանրահավաք-երթը բացեց ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը, սակայն մինչ այդ հավաքված մարդկանց զբաղեցնում էին ձայնագրիչով միացված, բարձր երաժշտական տեմպերով ուղեկցվող` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի ձայները, որոնց կոչերը որոշ ոգեւորություն էին մտցնում հանրության մեջ:

Իր խոսքում Լեւոն Զուրաբյանը նախ տեղեկացրեց երթի ուղղության մասին, հետո նշեց. «Հաջորդ տարիՙ դեկտեմբերի 10-ին, ես վստահ եմ, որ մենք ենք լինելու իշխանություն, սակայն դուք նորից հավաքված եք լինելու այստեղ ու պաշտպանելու եք ձեր իրավունքները, քանի որ յուրաքանչյուր հասարակություն ինքը պետք է իր իրավունքներին տեր դառնա», անկեղծացավ Լեւոն Զուրաբյանը:

Նախատեսվում էր, որ երթը պետք է շարժվի Սարյանի արձանի մոտից Հյուսիսային պողոտայով Հանրապետության հրապարակ, ՀՀ դատախազություն, այնուհետեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ վերջինիս պետք է առաջարկվեր, որ առավելագույն ուշադրություն դարձնի Հայաստանում մարդու իրավունքների ոլորտին:

Ողջ ճանապարհին երթի մասնակից ակտիվիստ կանայք վանկարկում էին ավանդական «Պայքար-պայքար»-ը եւ սպառնում նույնիսկ ուղեկցող ոստիկաններին` ասելով. «Դո՞ւ պիտի ինձ ասես ես ոնց գնամ, ես ոնց ուզեմՙ կարամ քայլեմ, դավաճաններ, Լեւոն-նախագահ», մինչդեռ ոստիկաններն ընդամենը անվտանգության միջոցներ էին ձեռնարկում, չնայած մեկ-երկու անգամ բախումներ եղան ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ:

Կառավարության շենքի մոտ մի կին հանկարծ բացականչեց. «Դավաճաններ, Ղարաբաղը տվեցիքՙ ջհանդամը, Հայաստանը չենք թողնի հանձնել», այս միտքը բուռն հավանության արժանացավ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցների մեջ:

Անցնելով դատախազության մոտով երթի մասնակիցները պահանջեցին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, քանի որ. «Եթե նույնիսկ մեկ քաղբանտարկյալ լինի երկրում, ապա դա նշանակում է, որ բոլորս ենք քաղբանտարկյալ», շեշտեց Լեւոն Զուրաբյանը:

Խանգարելով մայրաքաղաքի կենտրոնական շրջանների երթեւեկությունն ու անտեսելով երկրում գրիպի համաճարակը` երթի մասնակիցները վերջապես հասան ՄԱԿ գրասենյակի մոտ, որտեղ, հիշեցնենք, նրանք նախատեսում էին առաջարկել ՄԱԿ-ին, որ նա առավել մեծ ուշադրություն դարձնի Հայաստանում մարդու իրավունքներին: Սակայն ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ ցուցարարները մի քանի րոպե պարզապես կանգնելուց ու«Լեւոն-նախագահ» կանչելուց հետո հեռացան:

Անկեղծ ասած, «Ազգ»-ի բախտն այնքան էլ չբերեց. մեր կողմից 5-6 հարցվածներից ոչ մեկը երթի մասնակից չէր, պարզապես, այլ ճանապարհ չունենալու պատճառով «ընկել» էին նրա շարքերը: Իսկ ակտիվիստ կանացից մեկը «Ազգ»-ին պատասխանեց. «Նախ ուզում եմ շեշտել, որ մենք արդեն երկու տարի «փողոցում» ենք: Նախագահական վերջին ընտրություններից հետո Հայաստանում ձեւավորվեց իրական ընդդիմություն: Սակայն ես ոչ թե ուզում եմ, որ Լեւոնը նախագահ դառնա, այլ որ մեր երկրում վերջապես հարգվեն օրենքները: Այս իշխանությունները դա չեն ապահովում»:

Հ.Գ.-Երթի մասնակիցներից մի քանիսը փորձում էին խոչընդոտել որոշ ԶԼՄ-ների աշխատանքին, օրինակՙ «ԱԼՄ» հեռուստաընկերության` նշելով, թե չեն վստահում:

Սակայն դեպի ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանություն գնացող ՀԱԿ հարգելի անդամներ ու կողմնակիցներ, ԶԼՄ-ի աշխատանքի խոչընդոտումը ամենեւին ժողովրդավարություն չէ, ոչ էլ ձեր ասած «Ազատ, անկախ Հայաստանը»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4