«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


Բ. ԱՍԱՏՐՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՄԲՙ ՄՅՈՒՍ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՎԱՏ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ

ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ ասուլիսում, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ իրականություն են դարձել վատագույն կանխատեսումները: Ըստ նրա, ենթադրվում էր, որ այս երկու ամիսների ընթացքում` նոյեմբեր, դեկտեմբեր, տնտեսությունը գոնե անցած տարվա մակարդակի վրա կմնա, քանի որ անցած տարի նոյեմբերը խոր անկման ամիս էր` 15-17 %: Տարեկան ՀՆԱ-ն կկազմի 3 տրլն 100 մլրդ դրամ, որի պարագայում տարեկան տնտեսական անկումը 15 %-ից բարձր կլինի:

«Սկզբնական շրջանում միայն էմոցիաներ էին, երկար ժամանակ չենք ունեցել հակաճգնաժամային ծրագիր: Ունեցել ենք վարչապետի ելույթ, որը միգուցե լավն էր, բայց ծրագիր չէր: 2009-ի ընթացքում անհասկանալի վիճակ ենք ունեցել, եղել են հայտարարություններ, թե կա ճգնաժամ, կա հակաճգնաժամային ծրագիր, բայց ունեցել ենք բյուջե, որը ոչ մի կապ չի ունեցել դրա հետ»», մանրամասնեց ԿԲ նախկին նախագահը:

Վերջինս նաեւ քննադատեց Ազգային Ժողովինՙ կառավարությանը որեւէ լուրջ հարցադրում չանելու համար: «ՀՀ օրենսդիր մարմինը մակաբույծ է, ավելորդություն է դարձել: Եվ կառավարության ձեռքերը բաց էին թողել, անգամ ոչ մի խոչընդոտ չստեղծեցին անպատասխանատու քայլերի դեմ», նշեց Ասատրյանը:

«Մեր նորագույն պատմության ընթացքում սա վատագույն տնտեսական տարին է: Եթե դոլարային արտահայտությամբ 33 % է կազմելու ՀՆԱ անկումը, 2008-ին 12 մլրդ դոլար էր, ապա 2009-ին կկազմի շուրջ 8 մլրդ դոլար: Նման իրավիճակ եղել է 1992-ին, երբ նորանկախ Հայաստանը մտավ պատերազմական գործողությունների մեջ եւ բացարձակ շրջափակման մեջ էր», հայտարարեց Բ. Ասատրյանը:

Բ. Ասատրյանի կանխատեսմամբՙ մյուս եւ հաջորդ տարիներին ավելի վատ վիճակի մեջ ենք գտնվելու, եթե, իհարկե, միջոցներ չձեռնարկվեն: Բանախոսը գտնում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող այդ աստիճան ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա. «Սա տարիների ընթացքում պետական քաղաքականության բացերի հետեւանքն է, եւ ժամանակն է սթափվելու»:

Նրա գնահատումներովՙ 2010-ին սպասվում է տնտեսական անկման խորացում, եւ ծավալները 2009-ի հետ անհամեմատելի են լինելու. «Ընդ որում, սա լավատեսական նախագիծ է: Հիմքում ենթադրվում է դրական տեղաշարժ արդյունաբերության ոլորտում` 2-2.5 % չափով, գյուղատնտեսության` 2 %, շինարարության` 5 %: Այնուամենայնիվ, ունենալու ենք անկում` ի հաշիվ մյուս ոլորտների»:

ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումերն անվանելով հեքիաթային, Բ. Ասատրյանն իրական գործուն միջոցառում համարեց «փողի փնտրտուքը», որը բերելուց հետո, սակայն, պարզվեց, որ ծախսելու հնարավորություն չկա: Բ. Ասատրյանի տվյալներով, բանկային համակարգում այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելցուկային իրացվելիությունն աճել է շուրջ 500 մլն դոլարով: Այսինքն, ավելցուկ կա, եւ եթե իսկապես կար փողի կարիք, ապա իշխանությունը պետք է դիմեր բանկերին եւ ստվերային տնտեսությանը:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4