Նրանց ստեղծագործական ուղու սկզբնական վեց-յոթ տարիները համընկան արցախյան շարժման, պատերազմի, Խորհրդային Միության փլուզման եւ «մութ ու ցուրտ» տարիների հետ: Սակայն նրաք չհեռացան այլ երկրներ, ինչպես շատերը, չնայած նրանց թե՛ արտաքին տվյալները, թե՛ պարային եւ դերասանական օժտվածությունը թույլ էին տալիս հաջողությամբ ծաղկել այլ բալետային բեմահարթակներում: Նրանք մնացին իրենց հայրենիքում` Հայաստանում, եւ դարձան մեր Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար պարողներ: Այսօր էլ նրանց պարային արվեստը իր գեղարվեստականությամբ վայելում է հանդիսատեսի սիրտը:
ՄԱՐԻԱ ԴԻՎԱՆՅԱՆ
Մարիա Դիվանյանի ապագան կարծես կանխագուշակված էր իր ծննդյան օրվանից: Նա սերում է դրամատիկ եւ բալետի դերասանների տոհմից: Նրա մորական պապըՙ Ախիլլես Պավլիդին, երկար տարիներ հանդես էր գալիս Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Հայրըՙ Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, անցյալ դարի 70-80-ական թվականներին դյութում էր հանդիսատեսին իր առնական ոճով: Մայրը բալետի մենապարուհի Ելենա Պավլիդին է:
Արդեն մանուկ հասակում պարզ դարձավ, որ Մարիա Դիվանյանը ծագումնաբանորեն ընկալել է պարային ունակությունները եւ բեմական հմայքի խորհուրդը: Պարարվեստի ուսումնարանը ավարտելու առաջին իսկ տարում` 1992 թ., նա հանդես եկավ որպես մենապարուհի եւ մինչ այսօր մեր բալետի առաջատար պարուհին է: Իր տասնյոթամյա գործունեության ընթացքում բազում անգամ հանդես եկավ Գայանեի (Խաչատրյանի համանուն բալետում), Կիտրիի, Փողոցային պարուհու, Հավերժահարսի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարմենի (Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտ»), Դեզդեմոնայի եւ Էմիլիայի («Մավրի պավանա»ՙ Փըրսելի երաժշտությամբ) դերերում, ինչպես նաեւ սոլո դերերում «Շոպենիանա» եւ «La Revancha del Tango» բալետներում: Մենապարել է նաեւ «Բարեկամություն» համույթում եւ Մաքսիմ Մարտիրոսյանի «Կամերային բալետ» համույթում («Մոխրոտ», «Կոնցերտ ջութակի համար», «Տրդատ եւ Հռիփսիմե»): Մարիա Դիվանյանը գրավում է հանդիսատեսին հպարտ կեցվածքով, պարային հնարքների վարժ տիրապետությամբ, դերասանական վարպետությամբ, զարմանալիորեն կերպարափոխվելով մերթ սառնարյուն եւ անողորմ Միրտայի («Ժիզել»), մերթ կրքոտ Կարմենի («Կարմեն-սյուիտ»): Սույն թվականի մայիսին Յու.Գրիգորովիչի բեմադրված «Սպարտակ» բալետում Մարինա Դիվանյանը կերտեց կուրտիզանուհի Էգինայի կերպարը: Այս դերը, անշուշտ, պարուհու մեծ ստեղծագործական հաջողությունն էր: Էգինան` դաժան եւ արյունարբու Կրասոսի արժանի ընկերուհին է` գայթակղող, սանձարձակ, նենգ...
ՍՈՆԱ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Մեր այսօրվա բալետի մյուս ամենավառ ներկայացուցիչն է Սոնա Առուստամյանը: Նա պատկանում է այն պարուհիների թվին, որոնք բեմում հայտնվելու առաջին իսկ պահից կենտրոնացնում են ամբողջ ուշադրությունը իրենց վրա, լինի դա Կիտրի թե Հավերժահարս «Դոն Կիխոտ»-ում, Ժիզելը, Կարմենը թե Գայանեն:
Սոնա Առուստամյանը հանդես է գալիս Ազգային օպերայի եւ բալետի թատրոնում 1991 թ.-ից, պարարվեստի ուսումնարանը ավարտելուց հետո: 1995-1997 թթ. հանդես է եկել «Պրեմիերա. Յուրի Գրիգորովիչի բալետային խումբ» համույթում Կրասնոդարում: Հանդես է եկել այնտեղ որպես մենապարուհի մի շարք բալետներում, այդ թվում` «Կարապի լիճը», «Ոսկե դարը» (Շոստակովիչի երաժշտությամբ): Վերադառնալով Երեւանՙ 1998-ից մինչ այսօր մեր օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար մենապարուհին է:
Բնությունից շռայլորեն օժտված է բարետես արտաքինով, պարային ունակություններով: Աչքի է ընկնում բալետային հնարքների հմուտ տիրապետմամբ, ձեռքերի լայնաշունչ եւ միաժամանակ քնքուշ շարժումներով, վեհ կեցվածքով, դերասանականությամբ: Սոնա Առուստամյանին կարելի է որակել որպես քնարական ոճի պարուհի: Նրա երեւի թե ամենահաջողված դերը Ժիզելն է: XIX դ. կեսերից սկսած Ժիզելի դերը կատարել են այնքան փայլուն պարուհիներ, որ թվում է, անհնարին է նորովի բացահայտել այդ կերպարը: Սակայն բալետի երկրորդ գործողության ընթացքում վիլիս-ստվեր-Ժիզելի կերպարին Առուստամյանը հաղորդում է նոր նուրբ երանգներ: Նա այնքան թեթեւ, դեպի վեր հառնող ստվեր է` երկարավուն «արաբեսկներով» եւ տոգորված խորը վշտով...
Գայանեի դերում Առուստամյանը ստեղծում է մեղմ եւ միաժամանակ հպարտ հայուհու կերպար: Նա այստեղ միաձուլում է այն, ինչը կարծես հնարավոր չէ միաձուլել` բարդ սլացիկ թռիչքներ եւ ձեռքերի քնքուշ շարժումներ: Առուստամյանի հատուկ քնարականությունը ուրույն երանգ է հաղորդում թե՛ կայծկլտուն, կենսուրախ Կիտրիին «Դոն Կիխոտից», եւ թե՛ «La Revacha del Tango»-ի սրընթաց, կրքոտ աղջկա կերպարին:
ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Զավեն Հարությունյանը արդեն 20 տարուց ավել է, որ Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի արտիստ է, որոնցից 18-ը` առաջատար պարող: Արդեն պարարվեստի ուսումնարանի նախավերջին կուրսից ընդգրկվել է որպես թատրոնի բալետի արտիստ: 1991 թ. կատարել է մեր բալետային խմբի խաղացանկի բոլոր առաջնային դերերը: Տիրապետում է ինչպես դասական, այնպես էլ ժողովրդաբեմադրական պարի հնարքներին: Նրա խաղացանկում են այնպիսի այլազան դերեր, ինչպիսիքն են Արմենը եւ Գիքոն «Գայանե» բալետում, Բազիլը եւ Էսպադանՙ «Դոն Կիխոտ»-ում, Խոսեն եւ Տորեադորըՙ «Կարմեն-սյուիտում», նաեւ Օթելլոնՙ «Մավրի Պավանայում» եւ Տորերոնՙ «Լորկիանայում»:
Զավեն Հարությունյանը առաջին հերթին աչքի է ընկնում իր գեղեցիկ կազմվածքով, բարետես արտաքինով, հստակ տեխնիկայով: Բազմիցս հանդես գալով որպես թե՛ Մարիա Դիվանյանի, թե՛ Սոնա Առուստամյանի զուգընկերՙ ցուցադրել է բալետային սատարումների կատարման հմտություն:
Արվեստի լուրջ տեսակների ներկայացուցիչները, նույնիսկ ունենալով մեծ հասանելիքներ, հաճախ չէ, որ կոչումներ են ստանում: Իսկ պարողների բեմական կյանքը այնքան կարճ է: Արդյոք ժամանակը չէ՞ ուղղել այդ անարդարությունը: Նրանք արժանի չե՞ն արդյոք ժողովրդական արտիստի կոչմանը:
ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ ԳԱՀ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող