«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձիՙ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանինՙ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասովՙ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ սույն քրեական գործի շրջանակներում պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւս երեք աշխատակցի, ովքեր դեկտեմբերի 1-ից գտնվում են նախնական կալանքի տակ:
Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:
Ն. Մ.