«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


Ի ՎԵՐՋՈ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Ինձ համար, խոստովանեմ, զարմանալի էր «Ազգ»-ում կարդալ Հայկ Խանումյանի «բաց նամակը» («Ազգի» դեկտեմբերի 8-ի համարում), քանի որ այն ավելի վաղ տպագրվել էր «Ազատ Արցախ» հանրապետական թերթում: Կարծում եմ, որ դա պետք է բացատրել ոչ թե «Ազգ»-ի, այլ` հրապարակման հեղինակի կանխատրամադրվածությամբ:

Հայկ Խանումյանը, հավանաբար, ինքնահաստատման խնդիր ունի: Նրան այնպես է թվում, թե Ստրասբուրգում մեկ տարի «շփվելով» եվրոպական քաղաքակրթության հետ, արդեն իսկ վաստակել է սկզբունքային գնահատականներ հնչեցնելու իրավունքը:

Ցավում եմ, որ ԱրՊՀ քաղաքագիտության երիտասարդ դասախոսն իր բավական հուզառատ հոդվածով այդպես էլ չի կարողացել հիմնավորել, թե որո՞նք են, վերջապես, ղարաբաղյան կարգավորման «ստեփանակերտյան սկզբունքները»:

Ավելին, իր «հիմնավորումներով» նա ընդամենը հաստատել է իմ այն միտքը, որ ԼՂՀ ժողովուրդը «մադրիդյան սկզբունքների» շուրջը բանակցություններ վարելու մանդատ իր իշխանության եւ ոչ մի ներկայացուցչի չի տվել:

Ինչ վերաբերում է Հայկ Խանումյանի «փաստարկներին», ապա դրանք ոչ միայն խախուտ են, այլեւ` անգամ վտանգավոր:

Կարելի է միայն ափսոսալ, որ երիտասարդ քաղաքագետը սեփական մտավարժանքները փորձում է ներկայացնել որպես միակ ճիշտը` անտեսելով հայ դիվանագիտության տասնամյակներ ի վեր շարունակվող տքնաջան աշխատանքը, ինչի շնորհիվ ղարաբաղյան կարգավորման միջնորդությունը, գոնե մեթոդաբանության առումով, նկատելի դրական տեղաշարժ է ունեցել:

Հրապարակային բանավեճ մղել մի մարդու հետ, ում մտահորիզոնը «տարածքային փոխհատուցում»` միջազգային իրավունքի մեջ գոյություն չունեցող «սկզբունքից» այն կողմ չի անցնում, իմաստ չունի:

Այս երկու տողը գրում եմ «Ազգ»-ի հանդեպ ունեցած հարգանքի, տարիներ շարունակ արդյունավետ համագործակցության պահպանման եւ խորացման մղումներով:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, 8 դեկտեմբերի 2009 թվական, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4