«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ

Բոլորս ենք արդեն սովորել Ադրբեջանի կողմից այս կամ այն իրադարձության «ուրույն» մեկնաբանմանը: Հարեւան երկրից սուտ ինֆորմացիայի հոսքի մեծությունը վաղուց արդեն չի զարմացնում ոչ մեկիս: Շուրջ 1 մլն ադրբեջանցի փախստականներ, տարածքի 20 տոկոս զավթում, 9 մլն-անոց Ադրբեջան, տարածաշրջանի ամենամարտունակ ու հզոր բանակ եւ այլն, եւ այլն:

«Ազգ»-ը որոշեց ներկայացնել ադրբեջանական վերջին ժողովրդագրական վիճակագրության արդյունքները` փաստելով նույն այդ արդյունքների կեղծված լինելը:

Մարդահամարի սուտ

Այդ վիճակագրության համաձայնՙ 2009-ին Ադրբեջանում հաշվվել է 8 մլն 732 հազար մարդ: Ընդ որում նշվում է, որ 1990-2008-ի ընթացքում երկրում ծնվել են 2 մլն 713 հազար հոգի եւ մահացել 932 հազար 743-ը: Փաստորեն, եթե հավատանք այս թվերին, ապա Ադրբեջանում նշված ժամանակահատվածում բնակչության բնական աճը կազմել է 1 մլն 780 հազար մարդ: Սակայն, 1989-ի մարդահամարի տվյալներով, Ադրբեջանում բնակվում էին 7 մլն 030 հազար հոգի, որոնցից 390 հազարը հայեր էին: Եվ, եթե հաշվի առնենք այդ տարիներին Ադրբեջանում բնակչության բնական աճի տեմպերը, ապա իրոք 2009-ին Ադրբեջանի բնակչության թիվը պետք է հասներ 8 մլն 732 հազարի, բայց հաշվի առնելով նաեւ այդ երկրում ապրող հայերին ու ռուսներին, որոնք այժմ Ադրբեջանում չեն մնացել: Եթե նաեւ գումարենք ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիների քանակը, ինչպես նաեւ երկրից արտագաղթած 2,5 մլն քաղաքացիներին, ապա ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական տվյալները, որ այժմ երկրում ապրում են 8 մլն 732 հազար հոգի, մեղմ ասածՙ սուտ է:

Ղարաբաղի բնակչության մասին սուտը

Նույն` 2009-ի ադրբեջանական տվյալներով, այսօր Ղարաբաղում բնակվում են, ուշադրությունՙ 731600 ադրբեջանցիներ ու քրդեր եւ միայն 120 հազար հայեր: Համաձայնեք, որ միայն այս «փաստը» ինքնին արդեն զավեշտ է:

Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ պատերազմի ժամանակ եւ հետո արդեն չէր մնացել ոչ մի ադրբեջանցի, ադրբեջանական վիճակագրությունը «հաշվել» է 831,6 հազար մարդ, որոնցից հայերը միայն 120 հազարն են, իսկ մնացած 731 հազարը, իկարկե, ադրբեջանցիներ: Հետաքրքրական է, որ ադրբեջանցիներն «անցկացրել են» ուսումնասիրություն նաեւ Ղարաբաղի առանձին շրջաններում: Այսպես, Ստեփանակերտում 1000 բնակիչների հաշվով «արձանագրվել է» 55 ծնունդ եւ 16 մահ` 2008-ի տվյալներով: Մինչդեռ իրականում միայն Ստեփանակերտում 2008-ին ծնվել են 1504 երեխաներ:

Ըստ Ադրբեջանի, 2000-2005 թվականներին միայն Քարվաճառի (Քելբաջար) շրջանում 2,7 անգամ աճել է ազգաբնակչության թիվը: Եվ, առհասարակ, ըստ ադրբեջանական վիճակագրության, Ղարաբաղի այլ շրջաններում նույնպես աճում է քաղաքային բնակչության թիվը: Այս ամենը, սակայն, ադրբեջանցիները ներկայացնում են որպես Ադրբեջանի բնական աճ` մոռանալով նշել, որ եթե 730 հազար ադրբեջանցիներն էլ ապրում են Ղարաբաղում, ապա էլ ո՞ւմ են նրանք համարում փախստականներ, պատասխանը միանշանակ է` հենց իրենց, այդ 730 հազարին:

Ընտրական իրավունք ունեցողների թվի վերաբերյալ սուտը

Համաձայն 2008-ի հոկտեմբերի տվյալների, Ադրբեջանում ընտրական իրավունք ունեն 4 մլն 865 հազար քաղաքացիներ: Սակայն հենց նույն ադրբեջանական տվյալներովՙ 2008-ին Ադրբեջանում 20 տարեկանից վեր քաղաքացիները եղել են 5,8 մլն, իսկ 18-19 տարեկանները` շուրջ 370 հազար: Այսինքնՙ ընտրական իրավունք ունեցողները 2008-ին պետք է կազմեին շուրջ 6,17 մլն, մինչդեռ ընտրական ցուցակներում 1,3 մլն-ով քիչ քաղաքացիներ են գրանցվել: Բացի սրանից, այդ ցուցակներում կան բազմահազար մարդիկ, որոնք կամ չեն բնակվում երկրում, կամ էլ վաղուց փոխել են իրենց ադրբեջանական քաղաքացիությունը:

Արտագաղթի սուտը

1992-2006 թվականներին ադրբեջանական քաղաքացիությունը ռուսականով փոխարինել են 254,6 հազար մարդիկ: Պաշտոնական տվյալներով, Ռուսաստանում ադրբեջանցիների թիվը 1989-ի 336 հազարից դարձել է 662 հազար` 2002-ի տվյալներով: Միեւնույն ժամանակ Ադրբեջանում ռուսների թիվը նվազել է, պաշտոնական տվյալներովՙ 392 հազարից դառնալով 141 հազար: Հարց է առաջանում. ո՞ւր են «անհետացել» Ադրբեջանի ռուսները, եթե, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ռուսաստանի քաղաքացի դարձածները բացառապես ադրբեջանցի են եղել: Պատասխանն այստեղ էլ միանշանակ է. հայրենիք վերադարձած ռուսներին ադրբեջանական վիճակագրությունը «դարձրել» է ադրբեջանցիներ եւ «մտցրել» մոտ 9 մլն ադրբեջանական բնակչության կազմի մեջ:

Մեկ շնչին ընկնող հացի չափաբաժնի սուտը

Մինչեւ 2005-ը Ադրբեջանում մեկ շնչին ընկնող հացի չափաբաժնի ցուցանիշները տարեկան աճում էին 0,5-1 տոկոսով: Սակայն 2005-ին ադրբեջանցի պաշտոնյաները, հասկանալով, որ հացի օգտագործման ցուցանիշները ցույց են տալիս ազգաբնակչության աճի տեմպերը, «հայտնաբերեցին»...2005-ին Ադրբեջանում հացի օգտագործման ցուցանիշները բարձրացան միանգամից 37 տոկոսով: Մնում է միայն մեկ հարց. մինչեւ 2005-ը Ադրբեջանի 37 տոկոս քաղաքացիները սովա՞ծ էին:

Եզրակացություն

1993-2009 թվականներին Ղարաբաղում ծնված բոլոր քաղաքացիները «մտնում» են 9 մլն-անոց Ադրբեջանի բնակչության մեջ: Նրանց մեջ են «մտնում» նաեւ վաղուց Ադրբեջանը լքած հայերն ու ռուսները:

Այս փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանում բնակչության իրական թիվը ներկայացվածից քիչ է 35-37 տոկոսով` կազմելով ոչ թե 9 մլն, այլ 5,2-5,7 մլն:

Բաքուն ամենայն հավանականությամբ փորձում է իր «9 մլն-ով» վախեցնել կամ զգոնացնել Երեւանին: Նրանք, փաստորեն, շատ լավ գիտակցում են, որ 5,7 մլն-ը այնքան էլ «սարսափելի» չէ, մանավանդ ոչ թե 3, այլ 13 մլն-ի համար:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4