Հայաստանում Եվրոմիության նախագահող երկրի` Շվեդիայի դեսպան Հանս Հուններ Ադենը դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Եվրոմիությունը Հայաստանի իշխանություններից սպասում է իր հարցերի պատասխանները` կապված երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ: «Մենք Հայաստանի իշախանությունների հետ խոսել ենք երկրում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Եվրոմիությունն այս կապացությամբ տվել է մի շարք հարցեր ու հանձնարարականներ, եւ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները խելամիտ կերպով կլուծեն դրանք», հայտարարել է Շվեդիայի դեսպանը:
Ադենի խոսքերովՙ Հայաստանին դեռ բավական երկար ճանապարհ է սպասում, որպեսզի ապահովվեն խոսքի, կրոնի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խաղաղ երթերի անցկացումը, ինչպես նաեւ ստեղծվեն արդարադատության անկախ մարմիններ: Շվեդիայի դեսպանը ընդգծել է նաեւ, որ դեռեւս բացահայտված չեն մարտի մեկի իրադարձությունների` 10 քաղաքացիների սպանությունների փաստերը. «Այս բոլոր ցանկությունները, որ ունի Եվրոմիությունը Հայաստանի նկատմամբ, «Արեւելյան գործընկերության» հիմքերն են կազմում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը: Հայաստանի իշխանությունները դրսեւորում են հսկայական կամքՙ լուծելու երկրի առջեւ ծառացած վերոհիշյալ խնդիրները, եւ ես լիահույս եմ, որ այդպես էլ կլինի», եզրափակել է շվեդ դիվանագետը:
Հ. Ա.