«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԵՆ, ՈՒՐԵՄՆ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՏԱՐԻ Է ԳԱԼԻՍ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աշխարհի զարգացած երկրներում Ամանորի նախաշեմին ապրանքների գները զգալիորեն իջնում են: Կիրառվում են զեղչերի տարբեր համակարգեր: Սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացիները տոների շեմին ավելի են «տրվում» առեւտրի, եւ, բնականաբար, վաճառողները, ապրանքը էժան վաճառելով, ամենեւին ֆինանսապես չեն տուժում. նրանք ավելի շատ ապրանք են վաճառում:

Հայաստանում, սակայն, ըստ Սպառողների միության նախագահ Աբգար Եղոյանի , մասնավորապես Ամանորի նախաշեմին գները, մեղմ ասած, բարձրանում են. «Նոր տարուց մեկ-երկու ամիս առաջ տարբեր ընկերություններ, վաճառքի կետեր բարձրացնում են ապրանքների գները` գերշահույթ ստանալու նպատակով: Եթե անգամ մենք նրանց ենթարկում ենք տուգանքների, միեւնույնն է, դա նույնիսկ նրանց ֆինանսապես ձեռնտու է, քանի որ գնաճի դեպքում տուգանք մուծելով` նրանք կրկին շահում են», նկատեց Եղոյանը:

Առհասարակ երկրում առկա սպառողական ապրանքների գնաճի հետ կապված` Սպառողների իրավունքների պաշտպանության միությունը (ՍԻՊ) իր առաջարկություններով դիմել է ՀՀ նախագահին:

«Մենք առաջարկում ենք ստեղծել միջգերատեսչական խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ներկայացուցիչներ` ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Կենտրոնական բանկից եւ հասարակական կազմակերպություններից,- նշեց Եղոյանը,-խորհուրդը կապահովի արագացված վարչական վարույթի իրականացումը, կհետեւի օրինախախտների կողմից անհիմն բարձրացրած գների իջեցման գործընթացին»:

ՍԻՊ-ը նաեւ առաջարկում է ստեղծել սպառողներին հասցված վնասների փոխհատուցման հիմնադրամ, որտեղ կփոխանցվի ստացված տուգանքների 50 տոկոսը:

Մյուս կարեւոր խնդիրը, որի մասին խոսեց Աբգար Եղոյանը, սննդամթերքի անվտագության խնդիրն է: Նա նշեց, որ այս տարվա իրենց ձեռքբերումներից էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության հետ իրենց անցկացրած մոնիտորիգը սննդի ոլորտում: Անցնող տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին անցկացվել է գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մոնիտորինգ Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում ու Էջմիածնում: Մոնիտորինգն անցկացվել է նաեւ Երեւանում: Վանաձորում հայտնաբերվել է հացի փուռ, որտեղ յոթ աշխատողներից ոչ ոք սանիտարական գրքույկ չի ունեցել: «Այդ ստուգումներով մենք բացահայտել ենք 53 ժամկետանց, 212 առանց համապատասխանության սերտիֆիկատի, 165 առանց հայերեն մակնշման ապրանքներ, ընդ որում այս ապրանքների մեծամասնությունը պահվում էր ոչ պատշաճ ջերմաստիճանային պայմաններում: Ընհանուր առմանբ մենք վերցրել ենք 201 ցուցանմուշ, որոնց մեջ բացահայտել ենք մարդու առողջությանը վնասող ամենատարբեր մանրէներ», տեղեկացրեց բանախոսը: Նա նաեւ շեշտեց, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը օրինազանցներին անպայման կենթարկի պատասխանատվության:

Բանախոսը եւս մեկ անգամ շեշտեց, որ երկրում ոչ պարենային ապրանքների 80 տոկոսը հայերեն մակնշված չէ, ընդ որում նույն այդ ապրանքների 20 տոկոսը մակնշված է վրացերեն կամ ադրբեջաներեն:

Խոսելով միության 2010-ի ծրագրերից` Եղոյանը, բացի վերոհիշյալ ծրագրերի շարունակումից, նաեւ նշեց, որ անդրադառնալու են ֆինանսական ոլորտին, որից արդեն այս տարի 1000 բողոք ունեն, եւ առողջապահությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4