«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երաշխավորեց հայ-լատվիական գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայ-լատվիական գործարար համաժողովը բացվեց երեկ Երեւանում, որին ներկա էին եւ ելույթներ ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի գործարարներն ու նրանց միավորող կառույցների ղեկավարները եւ ավելի քան 60 լատվիացի գործարարներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներինՙ Սերժ Սարգսյանը նշեց, որ լատվիացի գործարարների ներկայացուցչական կազմը վկայում է երկու երկրների հարաբերությունների ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական ուղղությամբ առաջխաղացման մասին: Խոսելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մասինՙ Հայաստանի նախագահը մատնանշեց, որ վերջին տարիներին արձանագրվել է դրանց աճ: Իսկ անցյալ տարվա անկումը Սերժ Սարգսյանը պայմանավորեց ճգնաժամով եւ վստահություն հայտնեց, որ անհրաժեշտ բոլոր նախապայմանները կան աճ ապահովելու համար: Նա նշեց, որ երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներն այնպիսին են, որ 2-3 երկարատեւ պայմանագրերը կարող են էական ազդեցություն ունենալ: Նախագահը կարեւորեց Եվրոմիության հետ, որի անդամ է Լատվիան, համագործակցության ընդլայնումը ինչպես «Եվրոպական հարեւանության», այնպես էլ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:

Համագործակցության կոնկրետ ոլորտներից Սերժ Սարգսյանն առանձնացրեց զբոսաշրջությունը եւ համոզմունք հայտնեց, որ նախօրեին ստորագրված պայմանագիրը օդային հաղորդակցության բնագավառում հնարավորություն կտա կազմակերպելու կանոնավոր թռիչքներ երկու երկրների մայրաքաղաքների միջեւՙ նպաստելով զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

«Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցին: Հայաստանը տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի մասնակցության ոչ մի սահմանափակում չունի: Ավելին, չկա որեւէ դեպք, երբ խոշոր ներդնողը հեռացել է Հայաստանից», ասաց Հայաստանի նախագահը: Այնուհետեւ նա հիշատակեց նախորդՙ 2005-ին կայացած հայ-լատվիական գործարար համաժողովը, տեղեկացնելով, որ դրա շնորհիվ Հայաստանում սկսեց գործել լատվիական «Լատենկո բանկի» դուստր ձեռնարկությունըՙ «Նորվիկ» վարկային կազմակերպությունը: Ելույթի վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ երաշխավորում է բոլոր ներդրումների հարմարավետությունը Հայաստանում:

Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը , անբավարար համարելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները, նշեց, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա: Ըստ Լատվիայի նախագահիՙ Հայաստանում լատվիական կապիտալի հետաքրքրությունների մասին է խոսում գործարար պատվիրակության կազմը, որտեղ ներկայացված են տրասնպորտի, արդյունաբերության, շինարարության, փայտամշակման, էներգետիկայի, մետաղագործության, լոգիստիկայի, դեղագործության, սննդի եւ տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, աղբի վերամշակման եւ այլ ոլորտներ: Հայաստանն էլ, Վալդիս Զատլերսի վստահեցմամբ, կարող է օգտվել Ռիգայի միջազգային օդանավակայանից, որի միջոցով մեր քաղաքացիները կկարողանան մեկնել Արեւմտյան Եվրոպա եւ Սկանդինավյան երկրներ: Բացի այդ, Լատվիան միմյանց է կապում Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպաները, Սկանդինավյան երկրները, ունի երեք խոշոր նավահանգիստներ: Լատվիայի նախագահը նաեւ խոստացավ Եվրոմիության հետ ինտեգրման փորձը կիսել Հայաստանի հետ:

Երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ իրենց նկատառումները հայտնեցին նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Լատվիայի էկոնոմիկայի նախարար Արտիս Կամպասը :

Ներսես Երիցյանը կարեւորեց ավիացիայի բնագավառում նախօրեին կնքված համաձայնագիրը եւ երկու երկրների միջեւ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը: Հայաստանի էկոնոմիկայի նախարարի համոզմամբՙ Լատվիան կարող է օգնել Հայաստանին մտնել եվրոպական շուկա, իսկ Հայաստանը Լատվիային, մերձավորարեւելյան շուկա: Երկու երկրները կարող են համագործակցել նաեւ գիտելիքահենք տնտեսության, էլեկտրոնային կառավարման հասարակության ձեւավորման, շինարարության, լոգիստիկայի, աղբավերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Ներսես Երիցյանը հրավիրեց լատվիացիներին մասնակցելու եկող տարվա «Դիջիթեք» եւ «Արմթեք» համաժողովներին:

Արտիս Կամպասը նույնպես նշեց, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցության հնարավորություններ կան, ինչի համար նպաստավոր պայմաններ կապահովի նաեւ ստեղծված միջկառավարական հանձնաժողովը: Լատվիայի էկոնոմիկայի նախարարը, փաստելով, որ ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ փոքր են, տեղեկացրեց, որ վերջին 6 տարիներին դրանք, այդուհանդերձ, աճ են ունեցել եւ հիմա էլ աճելու տեղ ունեն:

Ի դեպ, ապրանքաշրջանառության ծավալների մասին: Ինչպես տեղեկացանք զարգացման հայկական գործակալությանՙ լրագրողներին տված տեղեկանքից, 2008-ին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Լատվիայի միջեւ կազմել է 11,2 մլն դոլար, որից 1,1 մլն դոլարը արտահանումն է Հայաստանից, 10,1 մլն դոլարըՙ ներմուծումը: Հայաստանից Լատվիա արտահանվում են խմիչք, քացախ, օպտիկական սարքավորումներ, չափման-ստուգման սարքեր, Լատվիայից Հայաստանՙ մսամթերք եւ ձկնամթերք, երկաթգծի լոկոմոտիվներ, դեղագործական ապրանքներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4