«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2009-12-10 | #227, 2009-12-11 | #228, 2009-12-12


ՀԲԸՄ-ԱԿԱԲ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին Բարսելոնի հայկական մշակութային կազմակերպությունըՙ ԱԿԱԲ-ը հյուրընկալել էր ՀԲԸՄ Եվրոպայի վարչության անդամներինՙ ատենապետ Ալեքսի Գովճյանի գլխավորությամբ: Մեկ տարի է, ինչ ՀԲԸՄ Եվրոպայի վարչությունը եւ ԱԿԱԲ-Ը համագործակցում են կրթական ծրագրերում: Բարեգործականը օգնում է Բարսելոնի շաբաթօրյա դպրոցի գործունեությանը: 2004 թվականից գործող կազմակերպությունը անցած տարիներին իրականացրել է բազմաթիվ մշակութային եւ կրթական ծրագրեր, իսպաներենով գործում է www.acab.es ինտերնետային կայքը, ունի ֆուտբոլային թիմ, որն արդեն մասնակցում է եվրոպական մասշտաբով անցկացվող մարզական մրցումներին: ԱԿԱԲ կազմակերպության ղեկավար, ՀԲԸՄ Եվրոպայի Իսպանիայի ներկայացուցիչ Գոռ Աբգարյանը ներկայացրեց կազմակերպության անդամներին եւ տարվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաեւ ԱԿԱԲ կազմակերպության նոր ղեկավար Սեւադա Սահակյանին: Ներկա փուլում նա կարեւորեց Բարսելոնում հայկական կենտրոն ստեղծելու հարցը: Ներկայումս կազմակերպությունը գործում է Կատալոնիայի Ատենեու Բարսելոնես մշակութային կենտրոնի շենքում:

Լեզվաբան Լիլիթ Մանուկյանը , ով նաեւ Բարսելոնի ինքնավար համալսարանի եվրոպական ծրագրերի պատասխանատուներից է, ներկայացրեց համալսարանական հայ ուսանողների շրջանում տարվող աշխատանքներըՙ խորհրդատվություն աշխատանք գտնելու հարցում, լավագույն կադրերի ընտրություն եւ համախմբում, հայ մասնագետների վերապատրաստում: Այս ամենը կնպաստի, որպեսզի իսպանական բուհերի հայ շրջանավարտներն աշխատանք գտնեն միջազգային ընկերություններում:

Կազմակերպությունն անցած երկու տարիներին մասնակեցել է նաեւ Եվրոպական Միության կրթական Տեմպուս ծրագրին, որի շրջանակներում անասնաբուժական կրթության ծրագիր է սկսվել Բարսելոնի անասնաբուժական եւ Երեւանի ագրարային համալսարանների միջեւ:

ՀԲԸՄ Եվրոպայի ատենապետ Ալեքսի Գովճյանը պատասխանեց ներկաների հարցերին, հատկապես անդրադարձավ հայ թուրքական հարաբերությունների ներկա փուլի եւ ստորագրված արձանագրություններին:

Հանդիպմանը ներկա էր եւ ելույթ ունեցավ նաեւ Պրահայում հրատարակվող «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը , որը ներկայացրեց հայատառ ամսագրի կարեւորությունը Եվրոպայի նորաստեղծ հայկական համայնքների համար եւ հանդես եկավ համագործակցության առաջարկով: Ներկաներին նա ծանոթացրեց նաեւ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մանրամասներին, կարեւորելով դրա դերը նոր սերնդի հայադարձության հարցում:

Այնուհետեւ ժողովի մասնակիցները եղան Կատալոնիայի ժամանակակից արվեստի թանգարանի հարեւանությամբ տեղադրված հայկական խաչքարի մոտ, որի նախաձեռնողն ու իրականացնողը բարսելոնահայ գործարար Դավիթ Համբարձումյանն է: Խաչքարի տեղադրմանն իրենց ֆինանսական աջակցությունն են բերել նաեւ այլ իսպանահայեր, այդ թվումՙ ԱԿԱԲ կազմակերպությունը:

ՀԲԸՄ Եվրոպայի վարչականներ Ալեքսի Գովճյանը, Աստղիկ Ալեքսանյանը, Սոնյա Ադամյանը եւ Միշել Սաբաղը այցելեցին ԱԿԱԲ-ի մարզավան, ծանոթացան հայկական շաբաթօրյա դպրոցի աշակերտների եւ ֆուտբոլային թիմի մարզումներին: Դպրոցի տնօրեն Թամարա Կարապետյանը ծանոթացրեց դպրոցական ծրագրին եւ առակա խնդիրներին, իսկ ֆուտբոլային թիմի մարզիչ, ուրուգվահայ Միգել Կասպարյանը գոհունակություն հայտնեց իր սաներից:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա-Բարսելոն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4