«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2009-12-11 | #228, 2009-12-12 | #229, 2009-12-15


ՀԱՅԱՍՏԱՆԸ 3-ՐԴ ԱՊՀ ԵՐԿԻՐՆ Է, ՈՒՄ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ

Համաձայն «Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն»-ի անցկացրած հետազոտություններիՙ ռուսաստանցիների 8 տոկոսն է միայն Հայաստանը ճանաչում որպես կայուն եւ ամուր երկիր, հետեւաբար այդ 8 տոկոսն էլ վստահում է Հայաստանին` որպես գործընկերոջ: ԱՊՀ երկրներից Բելառուսը առաջինն է, ում վստահում են ռուսները (43 տոկոս), իսկ երկրորդ տեղում Ղազախստանն է, որին վստահում է ռուսների 31 տոկոսը:

ԱՊՀ անդամ այլ երկրներից Ռուսաստանի վստահությանն արժանացել են նաեւ Ուկրաինան ու Ադրբեջանը` 4 տոկոս ցուցանիշներով: Ղրղզստանին, Թուրքմենստանին, Մոլդովային եւ Ուզբեկստանին ռուսների 3 տոկոսն է միայն համարում Ռուսաստանի հուսալի գործընկերներ: Իսկ «վստահության ցուցակ»-ը եզրափակում են Տաջիկստանն ու Վրաստանը` համապատասխանաբար 2 եւ 1 տոկոս ցուցանիշներով:

Կենտրոնն անցկացրել է նաեւ ուսումնասիրություն` պարզելու ռուսաստանցիների վստահության չափը ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ: Հարցված 1600 ռուսաստանցիներից միայն 3 տոկոսն է Սերժ Սարգսյանին համարում վստահելի (Ռուսաստանի համար) ղեկավար: Այս ցուցանիշներով էլ առաջատարը Բելառուսն է, որի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ռուսների 33 տոկոսը վստահելի է համարում: Ղազախստանի նախագահ Նազարբաեւի ցուցանիշը երկրորդն է` 28 տոկոս: Այս անգամ երրորդ ցուցանիշն ունի Ադրբեջանը, որի նախագահ Իլհամ Ալիեւին վստահում են 6 տոկոս ռուսաստանցիներ: Հայաստանի նախագահի ցուցանիշն ունի նաեւ Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն (3 տոկոս): Իսկ ցուցակը եզրափակվում է առանց անակնկալների. ռուսների միայն մեկ տոկոսն է վստահություն հայտնել Միխայել Սահակաշվիլուն:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4