Նշվեց ՕԵԿ համագումարում
Ողջունելով ներկաներին իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության շաբաթ օրը կայացած թվով 12-րդ համաժողովումՙ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր գոհունակությունը հայտնեց ՕԵԿ-ի հետ համագործակցությունից, ինչպես նաեւ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանից, որպես Ազգային անվտանգության խորհրդի նախագահից. ««Օրինաց երկիր» կուսակցությունն արագ նվաճեց իր տեղը երկրի քաղաքական դաշտում եւ բոլոր ընտրություններում ապացուցեց իր հանրաճանաչ լինելը: Եվ այժմ, մտնելով իշխանական կոալիցիայի կազմի մեջ, ՕԵԿ-ը կոալիցիոն գործընկերների հետ կիսում է պետության ապագային վերաբերող պատասխանատվությունն ու դրսեւորում է իրեն որպես պատասխանատու քաղաքական ուժ: Մեր համագործակցությունը պայմանավորված է փոխադարձ վստահությամբ», հայտարարել է երկրի նախագահը: Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ Հայաստանը լիարժեք իրավական պետություն դարձնելու համար անհրաժեշտ է երկար ու դժվարին ճանապարհ անցնել. «Իրավական երկիր կարելի է կառուցել միայն փոխվստահության, բարության միջավայրում: Այո, այսօր կան էական տեղաշարժեր այս ուղղությամբ, սակայն դա դեռեւս անբավարար է, քանի որ մեր հասարակության մեջ դրսեւորվում է անհամբերություն, սուտ, չարություն, եւ այս երեւույթները պետք է արմատախիլ անել», նշել է Սերժ Սարգսյանը, որը նաեւ իր դժգոհությունն է հայտնել որոշ լրատվամիջոցներից, որոնք քննադատությունը «խառնում» են անպատվության հետ:
Նախագահը նաեւ շեշտել է, որ այս խնդիրները վերացնելու համար պետք է «համբերություն եւ համառություն. այս երեւույթները անհնար է սրի մեկ հարվածով կամ օրենքով ու որոշումով ոչնչացնել. դրա համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք», հայտարարել է նախագահը: Ելույթի վերջում Սերժ Սարգսյանը, հաջողություն ցանկանալով «Օրինաց երկրին», վստահեցրել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը չի կարող խոչընդոտել Հայաստանի իշխանություններին` իրագործելու իրենց ոչ միայն կարճաժամկետ, այլեւ երկարաժամկետ ծրագրերը:
Կոալիցիոն գործընկերներին ողջունելու էր եկել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Արամ Սաֆարյանը , որը նույնպես կարեւորեց ՕԵԿ-ի հետ համագործակցության նշանակությունը երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար:
Իր ելույթում ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց. «Մեր կուսակցությունն իր գոյատեւման 12 տարիների ընթացքում անցել է անհանդուրժողականության, չարության եւ ստի բազմաթիվ «գետերով», սակայն այս ամենն էլ ավելի է նրան համախմբել: Դժվարին տարիներին մեզ լքեցին հարյուրավորները, սակայն, միեւնույն ժամանակ, մեզ միացան տասնյակ հազարավորները: Մենք այս 12 տարում շատ լավ գործեր ենք արել ժողովրդի համար»: Խոսելով իշխանական կոալիցիայի մաս կազմելու մասին` Բաղդասարյանը շեշտել է, որ. «Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ՕԵԿ համագործակցությունը հզորների համագործակցություն է: 2008-ի նախագահական ընտրություններից հետո մեր կուսակցությունը գնաց ոչ թե արյունահեղության ու խռովությունների ճանապարհով, այլ ընտրեց կառոցողական ճանապարհը: Եվ այժմ «Օրինաց երկիր» կուսակցությունը նշում է, որ Հայաստանում դեռեւս անկատար է օրենսդրության համակարգը եւ բարեփոխումներն այս ոլորտում անխուսափելի են: ՕԵԿ-ը շարունակելու է իր պայքարը Հայաստանում տիրող անարդարության ու ապօրինության դեմ», վստահեցրեց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ Բաղդասարյանի, շատերն իրենց փորձել են վատաբանել. «Սակայն մեզ կհաջողվի իրականացնել մեր բոլոր ծրագրերն ու խոստումները: Իսկ սրա համար պետք է, որ կուսակցությունը լինի ամուր եւ հզոր` միշտ շարժվելով առաջ: Այս ճանապարհով է, որ մենք պետք է կառուցենք մրցունակ եւ հզոր Հայաստան, որին ձգտում ենք բոլորս», նշեց Արթուր Բաղդասարյանը: Ակնկալելով քաղաքական թափանցիկություն կոալիցիոն գործընկերներից` ՕԵԿ-ը, Բաղդասարյանի վստահեցմամբ, շարունակելու է լինել թափանցիկ քաղաքական ուժ:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ, առհասարակ, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին` Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ ՕԵԿ-ը անվերապահորեն ընդունում է Սերժ Սարգսյանի ցանկությունը` բարելավել հարեւանների, կոնկրետ Թուրքիայի հետ հարաբերությունները. «Մեր կուսակցությունը նույնպես միշտ էլ խոսել է հարեւանների, մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին: Մենք չպետք է փակենք աչքերը, այլ պետք է ուղիղ եւ առանց վախենալու նայենք ապագային: Մենք չպետք է մշտապես ապրենք անցյալով, այդ պետությունը չունի ապագա: Մենք պետք է հանենք մեր մեջից զոհի, սպանվածի եւ բռնաբարվածի բարդույթները եւ օժանդակենք մեր պետության զարգացմանը, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը աննախադեպ նշանակություն ունի Հայաստանի, նրա արտաքին հեղինակության աճի համար», նշեց Ազգային անվտանգության խորհրդի նախագահը:
Բաղդասարյանը նույնպես վստահեցրեց, որ համաշխարհային ճգնաժամից Հայաստանը դուրս կգա նվազագույն վնասներով եւ կշարունակի իրագործել նախատեսված բոլոր ծրագրերը, որպես այդպիսիք Բաղդասարյանը նշեց նոր ատոմակայանի, Իրան-Հայաստան ավտոմայրուղու եւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը:
Համագումարը Արթուր Բաղդասարյանին վերընտրեց կուսակցության նախագահի պաշտոնում, իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը ընտրվեցին կուսակցության փոխնախագահներ: Համագումարն ընտրեց նաեւ կուսակցության գործադիր մարմնի 14 անդամների:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ