«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2009-12-11 | #228, 2009-12-12 | #229, 2009-12-15


ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ԱՐԱԳ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Մեկ դիպուկ հարված եւ Ռոխասը հայտնվեց նոկաուտում

Վախթանգ Դարչինյանը հաջողությամբ պաշտպանեց առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Կալիֆոռնիայի նահանգի Ռանչո Միրաժ քաղաքում կայացած մենամարտի արդեն 2-րդ ռաունդում «Կատաղած ցուլը» նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Թոմաս Ռոխասին: Ամեն ինչ կատարվեց շատ անսպասելի: Առաջին ռաունդում հավասար մենամարտ էր ընթանում, Ռոխասը նույնիսկ մի քանի հարվածներ հասցրեց Դարչինյանին, որը ռաունդի վերջնամասում ակտիվացավ ու պատասխանեց մրցակցին: Երկրորդ ռաունդում եւս հիմնականում հավասար մարտ էր ընթանում, մրցակիցները կարծես հետախուզում էին միմյանց: Ռաունդն ավարտվում էր եւ Ռոխասի համար վտանգավոր ոչինչ չկար: Սակայն 2-րդ ռաունդի ավարտից 6 վրկ առաջ Դարչինյանի հարվածը հասավ նպատակին: Վախթանգն այս անգամ էլ կատարեց խոստումըՙ մենամարտն ավարտելով նոկաուտով:

Դարչինյանի համար այդ մենամարտը 35-րդն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նա 33-րդ հաղթանակը տոնեց, որից 27-ըՙ տեխնիկական նոկաուտով: Վերջին անգամ «Կատաղած ցուլի» հուժկու հարվածով նոկաուտի էր ենթարկվել Քրիստիան Միխարեսըՙ 2008-ի նոյեմբերի 1-ին կայացած մենամարտի 9-րդ ռաունդում:

Մարզական իր կարիերայում ամենաարագ նոկաուտը Դարչինյանի օգտին գրանցվել էր 2003-ի հոկտեմբերի 3-ին Դոզեր Թոբինգի հետ մենամարտում: 10 ռաունդանոց այդ մենամարտն ավարտվել էր արդեն 1-ին ռաունդում, երբ Վախթանգը նոկաուտի էր ենթարկել մրցակցին: 2-րդ ռաունդում նա երկրորդ անգամ նոկաուտի ենթարկեց մրցակցին: Առաջին անգամ դա պատահել էր 2002-ի ապրիլի 19-ին Պրասոբ Նոկլիանգի հետ մենամարտում: Եվս 2 անգամ Դարչինյանի մենամարտն ավարտվել է 2-րդ ռաունդում նրա բացահայտ առավելության շնորհիվ: Մրցավարները Դարչինյանին հաղթանակ են գրանցել տեխնիկական նոկաուտով:

Հիշեցնենք, որ Վախթանգը պրոֆեսիոնալ ռինգում մինչ օրս միայն 2 պարտություն է կրել: Առաջին անգամ նա ռինգից պարտված է հեռացել 2007-ի հուլիսի 7-ին Նոնիտո Դոների հետ մենամարտումՙ 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկվելով: Իսկ 2-րդ պարտությունը Վախթանգը կրել է այս տարվա հուլիսի 11-ին Ժոզեֆ Ագբեկոյիցՙ մրցակցին զիջելով միավորներով: Առայժմ պարզ չէ, թե այս հաղթանակից հետո Վախթանգը կշարունակի՞ ելույթներն առաջին թեթեւագույն քաշային կարգում, թե կրկին կփորձի իր ուժերը քաշային հաջորդ կարգում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4