Դեկտեմբերի 14-ին աշխատանքի գնալիս, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ դատապարտյալների շրջանում իրացնելու կասկածանքով քրեակատարողական վարչություն բերման է ենթարկվել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Արթուր Առաքելյանը: Վերջինիս համազգեստի գրպաններում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի հասնող թմրամիջոցանման նյութեր: Արթուր Առաքելյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը սուբոտեքս, ափիոն, մարիխուանա տեսակի թմրամիջոցներ եւ քացախաթթվի անհիդրիդ են, որոնք ինքը պետք է հանձներ դատապարտյալներին:
Պարզվել է, որ Ա. Առաքելյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկ կրել է պարբերական բնույթ: Նախապատրաստվել են նյութեր, կատարվում է քննություն:
Դեկտեմբերին քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել եւ կանխվել է քաղաքացիների կողմից թմրամիջոցների փոխանցման ութ դեպք: Այս մասին տեղեկացնում են ՔԿՀ վարչությունից:
Ն. Մ.