«Նա, ով ուզում է պատերազմել, երբեք այդ մասին նախօրոք չի հայտարարում, եւ Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ կոչերը պարզապես ոչ մի արժեք չունեն», հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը նաեւ վստահեցրել է, որ հայկական կողմի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ադրբեջանն այսօր պատրաստ չէ պատերազմի. «Սակայն մենք` զինվորականներս, միշտ պետք է պատրաստ լինենք դրան: Եվ եթե Ադրբեջանը հանկարծ սկսի պատերազմ, ապա վստահեցնում եմ, որ մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլեւ նույնիսկ անհրաժեշտության դեպքում ավելին կանենք», շեշտել է նախարարը: Ինչ վերաբերում է կոնկրետ Ադրբեջանի նախագահի պատերազմ սկսելու կոչերին, ապա Օհանյանը նշել է, որ երկրի նախագահը, հակառակը, միշտ պետք է բացառի հարցերը ռազմական ճանապարհով լուծելու ճանապարհը, գերադասելով խաղաղ միջոցները` համապատասխան միջազգային իրավունքի նորմերին:
«Ինչ վերաբերում է այն հարցին, թե պատերազմի ժամանակ կօգնի՞ մեզ ՀԱՊԿ-ը, թե՞ ոչ, քանի որ մենք այդ կառույցի անդամ ենք, իսկ Ադրբեջանը ոչ, ասեմ, որ համաձայն դաշնային պայմանագրիՙ Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում ՀԱՊԿ-ը պարտավոր է ցուցաբերել ռազմական օգնություն մեր երկրին», եզրափակել է ՀՀ պաշտպանության նախարարը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ