«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Հայ զիվորների գործուղումը Աֆղանստան` ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում, չի կարող բացասաբար անդրադառնալ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների եւ մեր կազմակերպություններում Հայաստանի ունեցած դիրքերի վրա», երեկ «Երեւան-Մոսկվա» տեսաասուլիսի ժամանակ նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան : Նա նաեւ շեշտեց, որ Երեւանում գործող ՀԱՊԿ ինֆորմացիոն կենտրոնը արդյունավետ է գործում, եւ դրա օրինակով կազմակերպության այլ անդամ երկրներում կհիմնադրվեն նման կենտրոններ:

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին, ապա ես հույս ունեմ, որ Անդերս ֆոգ Ռասմուսենի Մոսկվա կատարելիք այցի ժամանակ կքննարկվի նաեւ մեր կառույցների համագործակցության հարցը, իսկ իմ օրակարգում դեռեւս նախատեսված չէ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը: Պետք է ասեմ նաեւ, որ շատ եվրոպացի դիվանագետներ ու փորձագետներ զարմացած են այն փաստից, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մինչ այսօր չի համագործակցում մեզ հետ»:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած հիմնական խնդիրներից մեկին` Աբխազիայի անկախությանը, Բորդյուժան նշել է. «Մենք շատ կուզենայինք, որ ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները ճանաչեին Աբխազիայի անկախությունը, սակայն մեր կառույցի անդամ բոլոր երկրներն էլ անկախ են իրենց քաղաքական քայլերը որոշելիս եւ երբ անդամակցել են մեզ, ստորագրել են անվտանգության վերաբերյալ համագործակցության համաձայնագիր, ոչ թե քաղաքական հայացքների նույնություն: Օրինակՙ ես գիտեմ, թե ինչու Միջին Ասիայի երկրները չեն ճանաչում աբխազների անկախությունը, սակայն չեմ բացի փակագծերը», եզրափակել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Տեղեկացնենք նաեւ, որ երեկ Աբխազիայի անկախությունը ճանաչեց 14 հազար բնակչություն ունեցող Նաուրուի հանրապետությունը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4