«Երկար-բարակ» վերլուծություններից հետո, նաեւ գիտակցելով «քաղաքական պատմական պահը», Հայաստանի մարքսիստական կուսակցությունը որոշում է կայացրել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից` այդ համագործակցությունը համարելով աննպատակահարմար իրենց կուսակցության համար:
Երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում հայ գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը նշեց մի քանի պատճառներ, որոնց հետեւանքով կուսակցույթունը դուրս է եկել ՀԱԿ-ի կազմից: Նախ Հակոբյանը վստահեցրեց, որ չնայած ՀԱԿ-ի հիմնական քաղաքական գաղափարախոսությունը իշխանափոխությունն է, սակայն. «Այդ դաշինքը իր տակտիկական զինանոցի տկարության պատճառով չի կարող իշխանափոխություն իրականացնել: Նրանք չներկայացրին նոր ազգային դոկտրինան, չնայած խոստացել էին, նոր տնտեսական քաղաքականության ձեւաչափերը, նոր արտաքին ու ներքին քաղաքականության սկզբունքները», շեշտեց մարքսիստը: Իսկ որպես ամենակարեւոր պատճառ իրենց դուրս գալուՙ Հակոբյանը նշեց, որ ՀԱԿ-ը «եղավ եւ մնաց «ՀՀՇ-ական» ընդդիմություն` չվերածվելով իսկական ազգային ընդդիմության»: Այնուամենայնիվ Դավիթ Հակոբյանը խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է եղել «դեմոկրատիայի հարթակներում» կանգնել երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին:
Իսկ, արդեն որպես առանձին քաղաքական ուժ իրենց հետագա անելիքների մասին խոսելիս`բանախոսն առաջ քաշեց ազգային երեք գերխնդիրներ, որոնց լուծմանն էլ միտված է լինելու Հայաստանի մարքսիստական կուսակցությունը: Դրանք են` ազգի քաղաքական եւ գաղափարական միասնության ապահովումը` բացառելով ամեն տիպի աղանդներ, «շեղող» կուսակցություններ ու քաղաքական հոսանքներ: «Երկրորդ գերխնդիրն ազգի կենսաբանական ու ֆիզիկական անվտանգության ապահովումն է, երրորդը հայ ժողովրդի պատմաաշխարհագրական տարածքների վերականգնման գերխնդիրն է», նշեց գլխավոր մարքսիստը:
Անդրադառնալով իր անձնական քաղաքական պայքարին` Հակոբյանն ասաց, որ եթե ինքը չհաղթի թիվ 10 ընտրատարածքում, ապա «պատմական պահը կորոշիՙ մնա՞լ քաղաքականության մեջ, թե՞ ոչ»: Մարքսիստական կուսակցության առաջնորդը նշեց, որ ինքը քարոզարշավով ներկայանալու խնդիր չունի. «Ժողովուրդն ինձ լավ է ճանաչում, թող նորելուկները ներկայանան: Իսկ մենք ամեն ինչ կանենք քիչ, համով, ժամանակին,-շարունակելով` բանախոսը շեշտեց,- ես հիշում եմ Մարքսի խոսքերը` բարեկամացիր, բայց մի վստահիր, ես ոչ ոքի չեմ վստահում ու հենց այդ պատճառով էլ միայնակ եմ մասնակցում այս ընտրություններին, ու ուզում եմ շեշտել նաեւ, որ ավելի շուտ Արաքսի պղտոր ջրերը կցամաքեն, բայց ես մինչեւ վերջ կգնամ այս ընտրություններում, չեմ հրաժարվի ընտրական պայքարից»:
Վերջում Դավիթ Հակոբյանը պարզապես նզովեց նրանց, ովքեր կհանդգնեն կեղծել ժողովրդի ձայները. «Թող նզովյալ լինեն նրանք սերնդեսերունդ, վերջապես հայ ժողովրդի արդար ձայնը պետք է հաղթի՞, թե՞ ոչ», հռետորական հարցով եզրափակեց Մարքսիստական կուսակցության առաջնորդը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ