ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում դեկտեմբերի 22-ին թուրք հանդիսատեսին կներկայացվի «Արաքսի ափին» ֆիլմը, որը ստեղծվել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» հրատարակչական դեպարտամենտի եւ «Թուրք-հայկական գործարարության զարգացման» կենտրոնի համատեղ ջանքերով: Ֆիլմի նկարահանման աշխատանքներին աջակցել են Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատները:
«Մարքեթինգի հայկական ասոցիացիայի» նախագահ Արամ Նավասարդյանը չափազանց կարեւորեց ֆիլմի ցուցադրությունը նաեւ Թուրքիայում, քանի որ Արաքս գետը ոչ միայն բաժանում է 2 պետությունների սահմանները, այլեւ բաժանել է նաեւ 2 տարբեր ժողովուրդների կենցաղը, ավանդույթները:
Հիշեցնենք, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին, որի ժամանակ «Թուրք-հայկական գործարարության զարգացման» կենտրոնի թուրք համանախագահ Սերդար Դինլերը կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական կոնֆլիկտի հանգուցալուծումը այս ֆիլմից է սկսվելու:
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Գեւորգ Նազարյանն է: Կինոնկարը պատրաստվել է հայերեն, թուրքերեն եւ անգլերեն տարբերակներով: