«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ

Հանրապետության 10 լավագույն մարզիկները

Ավանդույթի համաձայն, մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան լրագրողների միջեւ հարցում է անցկացնումՙ որոշելու անցնող տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Կարծում ենք, այս տարի լավագույնին որոշելն այնքան էլ դժվար խնդիր չէր, քանի որ օլիմպիական մարզաձեւերում Հայաստանն աշխարհի միայն մեկ չեմպիոն է ունեցելՙ հանձին ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի : Ուստի պատահական չէ, որ 52 լրագրողների հարցման արդյունքներով հենց Նազիկ Ավդալյանն է ճանաչվել հանրապետության լավագույն մարզիկ: Նա վաստակել է բոլորից շատՙ 520 միավոր:

Նազիկ Ավդալյանի համար 2009-ն իրոք հիշարժան կլինի: Նա հայ ծանրորդներից առաջինն էր, որ անկախ Հայաստանի պատմության մեջ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Նրա հաղթանակն ավելի է կարեւորվում, քանի որ վերջին անգամ Հայաստանի ծանրորդներից աշխարհի չեմպիոն էր հռչակվել Իսրայել Միլիտոսյանն ուղիղ 20 տարի առաջ: Ավելացնենք նաեւ, որ Նազիկն ապրիլին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում էլ երկամարտում 2-րդ տեղն էր գրավել: Շնորհավորում ենք Նազիկին հանրապետության լավագույն մարզիկի կոչմանն արժանանալու առթիվ:

Հարցման արդյունքներով 420 միավորով 2-րդ տեղն է գրավել ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը : Լավագույն եռյակը եզրափակել է բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը , որը վաստակել է 355 միավոր:

Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ ծանրամարտի աշխարհի փոխչեմպիոն Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը (310 միավոր), հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռոման Ամոյանը (271), ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը (242), հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (191), ձյուդոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը (183), հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Յուրի Պատրիկեեւը (148) եւ շախմատի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Լիլիթ Մկրտչյանը (65):

Հանրապետության լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը: Բացի լավագույն տասնյակից, հարցաթերթիկներում նշվել են եւս 10 մարզիկների ազգանուններ: Նրանք են շախմատիստ Լեւոն Արոնյանը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սամբիստներ Վաչիկ Վարդանյանը, Աշոտ Դանիելյանը, ազատ ոճի ըմբիշներ Էդգար Ենոքյանը, Ժիրայր Հովհաննիսյանը, Ռուսլան Բասիեւը, բասկետբոլիստուհի Բոյանա Վուլիչը, հրաձիգ Նորայր Բախտամյանը, առագաստանավորդ Սառա Հերբերտը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4